Եվրոպան Հայաստանին շահագրգռող հայտարարություններ է անում․ ակնկալիքներ և իրականություն
ԵՄ օրենսդիր մարմինն ընդունել է մի որոշում, որտեղ առաջարկում է գործադիր իշխանությանը դիտարկել Հայստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման փուլի համար»,- ասված է խորհրդատվական բնույթի, օրենքի պարտադիր ուժ չունեցող այս բանաձևում։ Այն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Մինչ այս բանաձևի ընդունումը, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտենալ այնքան, որքան Բրյուսելը դա հնարավոր կհամարի։ Փաշինյանի հայտարարությունից հետո էլ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հնարավորությունը։
Դատելով Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ պաշտոնյաների հայտարարություններից՝ ինչպես նաև Եվրամիության վերջին բանաձևից՝ կարող ենք հստակ ասել, որ Հայաստանի իշխանությունների և Արևմուտքի միջև ինչ-որ երկխոսություն կա։ Որոշ լրատվականներ նշում են, որ թեև Հայաստանի իշխանությունները հայտարարում են Եվրամիության անդամակցության ցանկության մասին, բայց չեն հստակեցնում, թե արդյոք, այդ ճանապարհին պատրաստ են լքել Մոսկվայի գլխավորած տնտեսական ու ռազմական դաշինքները։ Սակայն, ինչ չի անում Հայաստանի իշխանությունը, անում է պաշտոնական Բրյուսելը՝ հայտարարելով, որ ողջունում և խրախուսում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման և Կրեմլից կախվածության նվազեցման ջանքերը։ Եվ սա ուղերձ է առ այն, որ Երևանը, Բրյուսելի հետ հարաբերությունները խորացնելուն զուգահեռ, պետք է խզի կապերը Կրեմլի և նրա գլխավորած կառույցների հետ։ Բայց այստեղ կարևոր հարցն այն է, թե ի՞նչ սա կտա Հայաստանին։ Եթե Երևանը չեղարկի իր դաշնակցային կապերը Մոսկվայի հետ և դուրս գա նրա գլխավորած միջազգային կառույցներից, ապա միանգամից կկանգնի տնտեսական և անվտանգային հարցերի առաջ։ Հայկական ապրանքների առաջ կփակվի ԵԱՏՄ-ի բազմամիլիոնանոց շուկան։ Երևանը կզրկվի էժան հացահատիկից, վառելանյութերից և այլ բնույթի հումքից, որոնք, որպես Ռուսաստանի դաշնակից, Հայաստան էին մտնում համեմատաբար մատչելի գներով։ Մոսկվայի գլխավորած միջազգային կառույցները լքելուց հետո Երևանը պետք է փորձի իր տնտեսական և անվտանգային ոլորտներում առաջացած վակումը անմիջապես լրացնել, անդառնալի հետևանքներից խուսափելու համար։ Հայաստանի անդմակցությունը ԵՄ-ին և արևմտյան այլ, կարևոր կառույցներին, եթե գործը դրան ընդանրապես հասնի, երկարամյա պրոցես է լինելու։ Եվրոպայի Կենտրոնական Համալսարանի Օրենքի գերակայության հարցերով աշխատախմբի ղեկավար Դմիտրի Կոչենովը նշում է, որ մինչև հիմա գոյություն չունի «Եվրոպական պետություն» հասկացության հստակ սահմանում։ Եվ այս պատճառով, յուրաքանչյուր անգամ, թեկնածու երկիրը գնահատելիս, ԵՄ-ն կարող է իր սահմանած չափանիշները տարբեր կերպ մեկնաբանել։ Այսինքն՝ կառույցին անդամակցել ձգտող երկրները, պետք է փորձեն անցնել երկարատև և բարդ փոխակերպման փուլերով, որպեսզի համապատասխանեն գոյություն ունեցող որոշակի չափանիշների։ Բայց երաշխիքներ չկան, որ Եվրախորհուրդը արժանվույնս կգնահատի թեկնածու երկրի ջանքերը։ Այս ամենի հետ մեկտեղ, երկիրը պետք է ունենա համապատասխան աշխարհագրական դիրք ԵՄ-ի հետ անմիջական կապ ունենալու համար։ Փաստերի վերլուծությունից ստացվում է, որ Հայաստանը, նախ պիտի սպասի, մինչև հարևան երկրներից մեկը դառնա Եվրամիության անդամ, ապա անցնի բարդագույն նախապատրաստական փուլերի միջով՝ չունենալով հստակ երաշխիքներ։ Այս պրոցեսները կտևեն տասնամյակներ։ Դրա մասին են վկայում ԵՄ-ին անդամակցել ձգտող պետությունների փորձը։ Իսկ Հայաստանի տնտեսական, քաղաքական և անվտանգային խնդիրները այսօրեական են, և դրանք չեն սպասի։
Կան մի շարք արևմտամետ տեսաբաններ, որոնք նշում են, որ դեպի Բրյուսել տանող ճանապարհին Արևմուտք կաջակցի Հայաստանին։ Նրանք, նաև մեջբերում են Եվրախորհրդարանի, այս վերջին դեկլարատիվ հայտարարությունը։ Սակայն, ոչ ոք չի տալիս հստակ պատասխան, թե ինչպե՞ս է Արևմուտքն օգնելու Հայաստանին, եթե նույն եվրոպական երկրները, Ռուսաստանի հետ առճակատման պատճառով, ունեն չլուծված տնտեսական խնդիրներ։ Եվրոպական երկրները, դեռ ինչ-որ կերպ ունակ են կոմպենսացնել իրենց վնասները։ Հայաստանի դեպքում, նշված պրոցեսները կհանգեցնեն ավելի ծայրահեղ հետևանքների՝ աշխատատեղերի կրճատման, թանկացումների և կմեծանա արտագաղթի առանց այն էլ մեծ ծավալները։
Որոշ մասնագետներ նշում են, որ Հայաստանը վառելանյութի խնդիրը կկոմպենսացնի՝ Իրանից մատակարարումներ սկսելով։ Մյուսներն էլ հավատացած են, որ երբ Երևանը Բաքվի հետ բացի «Խաղաղության խաչմերուկը», Ադրբեջանը կդառնա Հայաստան վառելանյութի հիմնական մատակարարը։ Առաջին դեպքում, միամտություն է կարծելը, որ Իրանը կհամաձայնի Արևմուտքի գիրկը նետված Երևանին խելամիտ գներով վառելանյութ վաճառել, և եթե համաձայնի ինչ-որ բան ընդհանրապես վաճառել։ Երկրորդ դեպքում, ստացվում է, որ «անկախանում ենք ոչ այնքան լավ դաշնակցից՝ Ռուսաստանից», փոխարենը մեզ կախման մեջ ենք գցում իրական թշնամուց։
Հայաստանի համար ոչ վերջին տեղում է անվտանգային գործոնը։ Հիմա այն սկսվում է Ռուսաստանից ինքնարժեքով զենք և զինամթերքի ձեռքբերմամբ, և վերջանում է ռուսական զորքի կողմից հայ-թուրքական սահմանի պահպանությամբ։ Ինչքան էլ որոշ տեսաբաններ թերահավատորեն մոտենանան հայ-թուրքական սահմանին ռուսական զորքի առկայությանը, միևնույնն է, այն զսպող գործոն է Անկարայի դեմ։ Վերոհիշյալ տեսաբանները կարծում են, որ Ադրբեջանի հետ «Խաղաղության խաչմերուկի» բացումից և դեպի Եվրոպա քայլեր կատարելուց հետո, կբացվի նաև Թուրքիայի հետ սահմանը և Ռուսաստանի անվտանգային երաշխիքների կարիքը չի լինի։ Բայց, նրանք մոռանում են, որ, երբ Անկարան աչք դրեց ԵՄ անդամի՝ Կիպրոսի տարածքների վրա, Արևմուտքը գործուն քայլեր չիրականացրեց երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Եվ հիմա, Կիպրոսի տարածքի 40% օկուպացված է Թուրքիայի կողմից։ Ի՞նչը կխանգարի, որ նույնը չկրկնվի Հայաստանի հանդեպ։ Մի բան ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանին հարկավոր է որևէ համաշխարհային բևեռի առարկայական ներկայություն։ Եվ հիմա, այդ ներկայությունն ապահովում է Ռուսաստանը։ Առանց որևէ կենտրոնի ներկայության անիմաստ են ամեն տիպի անվտանգային երաշխիքների մասին խոսակցությունները։
Այսպիսով, Հայաստանն այնտեղ է, որտեղ կա։ Եվ ներկայիս իշխանությունները մանր քաղաքական առևտրով զբաղվելու, այս քաղաքական բլոկից մեկ այլ բլոկի գիրկը նետվելու փոխարեն, արժեր որ խորացնեին արդեն իսկ գոյություն ունեցող քաղաքական կապերը։ Ինչպես նաև, նոր կապեր ստեղծեին տարածաշրջանում մշտական շահեր ունեցող այլ երկրների հետ։ Հակառակ դեպքում, երբ կարճաժամկետ շահեր ունեցող արևմտյան երկրները օգտագործեն Հայաստանին, և կորի հետաքրքրությունը Երևանի նկատմամբ, Հայաստանը, ոչ միայն միայնակ կմնա տարածաշրջանում, այլև ձեռք կբերի բարեկամ երկրների թշնամանքը։
Աշոտ Բարեքյան