Պատժամիջոցներից վախենալ պետք չէ, Իրան-Հայաստան երկաթուղին է պետք կառուցել. Գագիկ Աղաջանյան
Մեզ անհրաժեշտ է 60-70 կմ երկարությամբ երկաթուղին ընդամենը մտցնել Հայաստան: Այդ երկաթուղային կայարանը, ինչպես աղետի ժամանակ Այրում կայարանն էր, կարող է դառնալ կապ և չոր նավահանգիստ, նաև տերմինալ.Apri Armenia ֆորումի ժամանակ ասել է «Ապավեն» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
«Այլևս պարտադրված չենք լինի մեկ անգամ սահմանային անցումից օգտվել ու բյուրոկրատական քաշքշուկ ունենալ: Մի բան է երկաթուղի ունենալը, մեկ այլ բան է ավտոտրանսպորտային միջոցով սահման հատելը»,- ասել է Աղաջանյանը:
Նրա դիտարկմամբ՝ երկաթուղին պետք է կառուցել մոտ 60-65 կմ կիլոմետր, նայած, թե ինչպես կանցնի, ընդհանուր երկարությունը կարող է գերազանցել նույնիսկ 80 կմ-ն, իսկ կառուցումը պիտի տեղի ունենա Իրանի տարածքում՝ Ջուլֆայից դեպի Հայաստան:
«Հիմա կհարցնեն՝ ինչպե՞ս կարող ենք մենք այստեղ նստած խոսենք Իրանի տարածքով անցնող երկաթուղու մասին: Եկեք չմոռանանք, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության համար համաձայնագիրը վաղուց ստորագրված է եղել, դեռևս նախորդ իշխանության ժամանակ: Երբ խոսում են օրինակ՝ Իրան-Հայաստան երկաթուղու մասին, ես, օրինակ, չեմ հասկանում, որ դա իրենից ենթադրում է, որ երկաթուղին Իրանից պիտի գա հասնի Երևան, որ մենք ասենք կա երկաթուղի»,-ասել է Աղաջանյանը:
Բանախոսը նշել է, որ Իրան -Հայաստան երկաթուղին առնվազն մեկ կայարան պետք է ունենա Զանգեզուրի տարածքում, իսկ հետո բեռների մնացած ճանապարհը կարող է շարունակվել ավտոմոբիլային ճանապարհով:
«Այսօր, այո՛, Իրանի հետ ունենք սահմանային ավտոմոբիլային հաղորդակցություն, բայց մեքենան գնում, հասնում է Իրան, սահման է անցնում, հետո վերադառնում է, նորից է անցնում այդ սահմանը: Դա այն դեպքում, երբ մենք կարող ենք մեր ներքին փոխադրումներն իրականացնել, եթե այնտեղից մատակարարումները լինեն:
Այդ երկաթուղու շնորհիվ մեր տրանսպորտի ծախսերը կնվազեն, ճանապարհային հարկերից կխուսափենք, քանի որ ավելի ազատ կլինի: Տրանսպորտն այլ ձևով է հարկվում, երկաթուղին՝ այլ»,- ասել է Աղաջանյանը:
Նա խոսքով՝ այստեղ կան դրական կողմեր: Հետագայում, եթե ունենանք հնարավորություն ու միջոցներ, երկաթուղին հնարավոր է կառուցել նաև Լեռնաձորում, շարունակել այդ գիծն ու բերել, միացնել Երասխին:
«Ինչու է մեր առաջակած տարբերակը դյուրին, որովհետև, անցնում է Արաքսի հովտով՝ մեր կողմի ափով, որտեղ երկաթուղի կա, կառուցված է»,-ասել է Գագիկ Աղաջանյանը:
Դիտարկմանը, թե արդյոք խնդիր չի՞ առաջանա, քանի որ Իրանը պատժամիջոցների տակ է, բանախոսը պատասխանել է. «Համաձայն եմ, որ այն երկրները, որոնք փորձում են օգնել Իրանին, հիմա արդեն նաև Ռուսաստանին, հայտնվում են ուշադրության բացասական կենտրոնում՝ և՛ Միացյալ նահանգների, և՛ Եվրամիության կողից: Բայց, եկեք չմոռանանք, որ Իրանի հանդեպ սանկցիաները կիրառվում են արդեն ոչ առաջին տասնամյակը և մինչև վերջին ժամանակահատվածները Հայաստանի տնտեսական կապը Իրանի հետ երբեք քննարկման թեմա չէր դառնում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրամիության կողմից: Ինչու, որովհետև այլընտրանք Հայաստանը չունի: Եթե դուք չեք թույլատրում մեզ, մեր վրա նույնպես սանկցիա եք կիրառում Իրանի հետ հարաբերություններ ունենալու համար, փոխարենը պիտի այլ առաջարկ ունենաս»,-ասել է Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ենք ուզում:
«Սանկցիաներից վախենանք, ինքներս մեզ դնենք այդ սահմանափակումների մեջ, ոչինչ չանենք, ինչ է, թե կա մտավախություն: Այս քաղաքականությամբ, սանկցիաներից վախենալով, որևէ այլ գործողություն չենք կարողանա անել: Կատվին եթե անկյուն ես մտցնում, ապա նա հարձակվում է: Եթե մեզ այլընտրանք չեն թողնում, այո՛, մենք Իրանի հետ էլ պիտի գործակցենք, Ռուսաստանի հետ էլ: Ռազմական կամ քաղաքական համագործակցության մասին չէ, այլ զուտ երկիրը պահելու, տնտեսությունը զարգացնելու»,- ասել է Աղաջանյանը:
Բանախոսը նշել է, որ երկաթուղու կառումումն ու Իրանի հետ գործակցությունը բացասաբար կդիտվի, բայց ՀՀ կառավարության խնդիրներից մեկն այն է, որ մեկնաբանեն դա, հստակորեն ներկայացնեն, որ Հայաստանն այլընրանք չունի:
«Մեկ գիշերվա ընթացքում տեղի ունեցավ ջրհեղեղ, ու Հայաստանն արտաքին աշխարհից երկաթուղային կապով կտրվեց: Փառք Աստծո, այդ լուծումը գտնվեց, բայց տեղի ունեցածը մեկ գիշերվա հետևանք էր:
2008-ին Խաշուրիում մի կամուրջ այրվեց, ու մեր մոտ բենզինի և վառելիքի հերթեր գոյացան: Այսինքն՝ պետք չէ ինքնակամ մեզ դնել սանկցիաների տակ»,-եզրափակել է Աղաջանյանը: