22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զենքը կրակում է այն ժամանակ, երբ դիվանագետներն անզոր են․ Էրիկ Անթառանյան

Զենքը կրակում է այն ժամանակ, երբ դիվանագետներն անզոր են․ Էրիկ Անթառանյան

ABC ինտերվյուի հյուրը Էրիկ Անթառանյանն է։ Հեռուստահաղորդավարի հետ զրուցել ենք թեմաներից, որոնք թվում է, թե այսօր հայ հանրությանն ամենաշատը պետք է հուզեին․ կորսված Արցախ, չպատմված պատմություններ ինքնապաշտպանական մարտերից, գերիների վերադարձի խնդիր․․․ Խոսել ենք նաև մեդիառեսուրսների և ժամանակակից աշխարհում դրանց կարևորության մասին։

-Էրիկ, 4-րդ իշխանության «իշխանությունն» ի՞նչ մասշտաբներ ունի մեր օրերում, և ինչե՞ր կարող է անել։

-Վերջերս այդ տերմինի հետ սկսել ենք առնչվել այլ տեսանկյունից և այլ ձևակերպմամբ։ Շատ սիրում էր այդ մասին խոսել ՊՆ մամուլի խոսնակներից մեկը․ ասում էր՝ դա հիբրիդային պատերազմ է, և դա իսկապես այդպես էր։ Հիբրիդային պատերազմների ժամանակ զենքին զուգահեռ կրակում է մեդիան։ Մենք հասկացանք, որ այդ 4-րդ իշխնություն ասվածը՝ լրագրությունը և մեդիան, կարող է նաև զենք դառնալ, իսկ եթե այն իսկապես զենք է և իր գործն է անում, ունի անսահմանափակ իշխանություն։ Ցավալի կորուստների, կամ ցանկալի արդյունքների մենք հասնում ենք առանց  կրակոցի, պարզապես պրոպագանդային հետևելով, մեդիային հետևելով, եթե մեդիան ճիշտ է անում իր գործը, դա նշանակում է ինքը ունի որոշակի իշխանություն և այդ իշխանությունից բխող մնացած ամեն ինչ։ Այո, դա այսօր հզոր զենք է։ Տեղեկատվական դաշտում պայքար մղելը ավելի կարևոր կարող է լինել, եթե դիվանագետները չհասցնեն և գործը հասնի ռազմի դաշտ։ Հիշում եք ասում են զենքը կրակում է այն ժամանակ, երբ դիվանագետներն անզոր են։ Այստեղ արդեն մի օղակ էլ է առաջացել․ մեդիան չաշխատեց, դիվանագետները ձախողեցին, նոր անցնում են զենքի կիրառմանը։

-Դուք Արցախում Ռուբեն Վարդանյանի հետ էիք աշխատում, դեպքերի նման զարգացում պարոն Վարդանյանն արդյոք չէ՞ր կանխատեսում։

Եթե անգամ ինքը գիտեր դրա մասին, մեզ ամենևին հիասթափության չէր տանում։ Ճիշտ հակառակը,  ոգևորում էր, ասում էր՝ մենք եկել ենք այստեղ ազատ, ակախ և երջանիկ Արցախ կառուցելու։ Հենց ասում էինք ազատը, անկախը, ինքնիշխանը, ասում էր՝ երջանիկը ավելացրեք, Արցախը պետք է երջանիկ լինի։ Անգամ երբ պետնախարարի պաշտոնից հեռացրեցին Ռուբենին, նա մնաց Արցախում և ստեղծեց «Մենք ենք մեր սարերը» կազմակերպությունը՝ անկեղծ հավատալով, որ էլի մի քար դնելով այս մեծ շինությանը՝ կարող է մի լավ բան ստացվել։ Մենք էլ էինք հավատում, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան անել։ Ամիսներ անց կարելի է  ավելի սառը վերլուծել, բայց սա այն չէր, ինչ մենք նախատեսում էինք, կամ  ինչին հավատալով գնացինք Արցախ։

-Վերջերս շատերից եմ լսում, որ կարծես ազատ անկման մեջ լինենք, որ հատակն արդեն երևում է, իսկ հատակին հասնելուց հետո կամ կործանում է կամ վերելք։

-Չէի ուզենա հոռետես երևալ այս հարցազրույցի ընթացքում, բայց նախ ազատ անկման մասին․ ոչ, հատակին դեռ չենք մոտեցել, հատակին դեռ շատ կա։ Մի ախմախ թեզ է պտտվում, որ 91թ․ սրանից վատ էր վիճակը, տեսեք՝ հիմա 24 ժամ լույս ունենք, գազ, 91թ․ դա չկար, բայց տեսեք՝ հիմա ուր ենք հասել։ Կարծում եմ՝ մենք հիմա հոգևոր շատ լուրջ անկման մեջ ենք։ Մեզ հոգևոր մի նոր զարթոնք է անհրաժեշտ․․․Կրթական ցենզի անկման խնդիր ունենք հիմա, այ դրա անկումը ինձ շատ է անհագստացնում, որովհետև, եթե մենք այսօր դա չկանգնեցնենք, կամ գոնե եղածը չփոխանցենք, իսկապես անկում կլինի, կընկնենք հատակին և դա շատ ցավոտ կլինի։

-Հարցազրույցների ժամանակ հաճախ եմ լսում, որ մենք մեզ լավ չենք ճանաչում ի՞նչ ասել է ինքնաճանաչում և այսօրվա հայն ինչպիսի՞ն է։

Կար մի ռուս փիլիսոփա, ինքն էր այդ հարցը շատ տալիս։ Ի դեպ այդ հարցը կարելի է տալ բոլորի պարագայում․ ո՞վ է ռուսը, թուրքը, վրացին։ Առաջին հերթին մենք պետք է «Տիգրան Մեծի» կոմպլեքսից դուրս գանք, մենք Տիգրան Մեծը չենք։ Նայելով մեր անցյալին՝ եկեք իսկապես ճանաչենք՝ ով է հայը, մեր պատմությանը, բայց առաջին հերթին անհատներին և նրանց կերպարներին․ ինչի համար էին նարնք պայքարում։ Եկեք հեռու չգնանք․ սպարապետ Վազգեն Սարգսյանը անսահման նվիրված էր իր հայրենիքին, բայց եթե սկսենք խոսել իր մասին, մի մասը վատ պատմություն կպատմի, մյուս մասը՝ լավ, բայց արդյունքը մեկն է․ այդ մարդն ամեն ինչ արեց հզոր բանակ ստեղծելու համար։ Հայը առաջին հերթին պետք է սիրի իր արմատները, ոչ թե ծովից ծով Հայաստան ունեցող Տիգրան Մեծին։ Պետք է ընդհանրապես սիրի բոլոր արմատները, գիտակցի, թե ի՞նչ մշակութային ժառանգություն ունի, որտեղի՞ց է սերվել, ո՞վ է Նարեկացին, ի՞նչ ժառանգություն է թողել, Նարեկացուն ճանաչել խորությամբ, ոչ թե սնոտիապաշտ լինելով «Նարեկ» դնել բարձի տակ և մտածել հեսա կբուժվեմ, այլ հասկանալ, որ այդ թղթի կտորով չես բուժվելու, «Նարեկ» կարդալով ես բուժվելու։ Այդ կերպարներն ուսումնասիրելով կհասկանանք՝ ով է հայը։ Հայի ուժը հասկանալու համար գոնե մեկ անգամ պետք է գնալ Երուսաղեմ։

-Հայաստանը 3 նախադասությամբ օտարերկրացուն ինչպե՞ս կներկայացնեիք։

Կսկսեի պատմել Ջրականից մինչև Պոլիս․․․Այդպես կպատմեի Հայաստանի մասին․․․ Եվ էլի կպատմեի մարդկանց օրինակով, ոչ թե պարզապես Վարդան Մամիկոնյանի, այլ Վարդան Մամիկոնյանի հայ լինելու մասին, ոչ թե Նժդեհի այն գաղափարախոսության մասին, որին բոլորս ենք ծանոթ, այլ նրա հայ լինելու։ Մեզ կներկայացնեի՝ մենք մարդիկ ենք ու մենք այսպիսին ենք․․․Ցանկացած արտասահմանցու տեսնելիս, որը թեկուզ մի փոքր հետաքրքություն ունի իմ երկրի հանդեպ, մարդկային պատմությունների մասին կպատմեի․․․Արցախի մասին պատմելիս էլ կուզեյի նստած լինել Գանձասարի վանքի մոտ և ցույց տայի Գանձասարի գավթի զարդաքանդակները․․․

Զրուցեց Լենա Գևորգյանը