06 Հոտ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրիի տներից մեկում՝ ճամպրուկի մեջ, կնոջ դի է հայտնաբերվել․ նա սպանվել է առնվազն 6 ամիս առաջ

Գյումրիի տներից մեկում՝ ճամպրուկի մեջ, կնոջ դի է հայտնաբերվել․ նա սպանվել է առնվազն 6 ամիս առաջ

2024 թվականի հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրել, ներս է մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։

Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նեխած դին հայտնաբերվել է տան հյուրասենյակի հատակին՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում։ Ըստ դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ այն մարդու կմախք է, առնվազն 6 ամիս մահվան վաղեմության:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նաև դանակ, օգտագործված մաստակներ, ծխուկներ, օղու շշեր, որոնց վրա եղել են մատնահետքեր, արնանման նյութի հետքերով սավան, վերմակի ծածկոց, ջարդված հեռախոս և այլ իրեր:

Պարզվել է, որ հարազատները տուժող Վարդուհի Հակոբյանին վերջին անգամ տեսել են իր տանը՝ 2023թ․ մայիսին, սակայն հաղորդագրությունների միջոցով շփում եղել է մինչև 2024 թվականի հունիսի 16-ը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2024 թվականի հուլիսի 22-ին՝ գիշերը, Վարդուհի Հակոբյանին սպանելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել է Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ, ով տուժողի հետ որոշակի շրջանում բնակվել են վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող նշված տանը։

Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս սպանությունից հետո վերցրել է տուժողի հեռախոսը, որով կապ է պահպանել վերջինիս հարազատների հետ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է Վ․Հակոբյանին սպանելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 49-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում։