28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունը վտանգված է, վտանգված է նաև ժողովրդավարությունը․ RSF

Այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունը վտանգված է, վտանգված է նաև ժողովրդավարությունը․ RSF

Մամուլի ազատությունը ոչ միայն ժողովրդավարության հիմնարար հենասյունն է, այլև՝ դրա կենսունակության չափանիշը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) համեմատել է մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի արդյունքները բրիտանական The Economist մամուլի խմբի Ժողովրդավարության ինդեքսի հետ։

Ժողովրդավարության և մամուլի ազատության հարաբերակցությունն ակնհայտ է և ապացուցված: RSF-ի՝ 2024 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով և The Economist-ի ամենամյա ժողովրդավարության ինդեքսով 167 երկրների գնահատականների համեմատությունը ցույց է տալիս, որ երկու արժեքները խիստ կապված են:

Վերջին տասը տարիների ընթացքում RSF-ի մամուլի ազատության քարտեզը աստիճանաբար «կարմրել» է, ինչպես The Economist-ի ժողովրդավարության ինդեքսը: Մեկ տասնամյակի ընթացքում 16 երկրում մամուլի ազատության իրավիճակը դարձել է «շատ լուրջ», իսկ 36-ում այն հայտնվել է ավտորիտար կառավարությունների լծի տակ: Այս երկրներից տասը` Պաղեստինը, Իրաքը, Եգիպտոսը, Պակիստանը, Բիրման, Կամբոջան, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան և Նիկարագուան են։

2024 թվականին, երբ ժողովրդավարության մակարդակը հասել է ամենացածր կետին՝ 2006 թվականին Ժողովրդավարության ինդեքսի ստեղծումից ի վեր, լրագրողների աշխատանքը գնալով ավելի է խոչընդոտվել քաղաքական ուժերի կողմից:

Ամբողջ աշխարհում կալանավորված լրագրողների ավելի քան 85%-ը բանտարկված է ավտորիտար ռեժիմների կողմից։ Ժողովրդավարության ինդեքսով «ավտորիտար վարչակարգեր» պիտակավորված 59 երկրներում, որտեղ պետությունն ուղղակի վերահսկողություն է իրականացնում լրատվամիջոցների նկատմամբ և իշխանությունների քննադատությունը վտանգավոր է, ձերբակալված է ավելի քան 500 լրագրող, որոնցից 111-ը՝ Չինաստանում, 61-ը՝ Բիրմայում, 42-ը՝ Բելառուսում, 40-ը՝ Ռուսաստանում, 37-ը՝ Իսրայելում և Վիետնամում, 25-ը՝ Սիրիայում և Իրանում։

Կոռումպացված, ոչ ժողովրդավարական վարչակարգերի ճնշող մեծամասնությունում, որոնք The Economist-ի կողմից անվանվել են «հիբրիդային», ճնշումը լրատվամիջոցների վրա ինտենսիվ է, և լրագրողները հաճախ սպանվում կամ բանտարկվում են իրենց աշխատանքի համար: Սա հատկապես ակնառու է ընտրությունների ժամանակ, ինչպես դա եղել է Թուրքիայում (ներկայումս RSF-ի ինդեքսում 158-րդն է 180 երկրների շարքում), որտեղ 2023-ին 43 լրագրող բանտարկվել է։

Այդուհանդերձ, RSF-ի ինդեքսի «հիբրիդային» ռեժիմում հայտնված երկրներն, ինչպիսիք են Հայաստանը (43-րդ), Ֆիջին (44-րդ) և Մավրիտանիան (33-րդ), ցույց են տալիս, որ նույնիսկ քաղաքական համակարգերում, որոնք լիովին ժողովրդավարական չեն, մամուլի ազատության բարելավումները հնարավոր են:

Լիարժեք ժողովրդավարություն ունեցող 24 երկրների մեկ քառորդն ունի մամուլի ազատության «լավ» իրավիճակ: Նրանք RSF-ի ինդեքսի առաջին վեց երկրներն են՝ Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները և Իռլանդիան: