30 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս հապճեպ գործընթացով իշխանությունն Ադրբեջանին իր պատրաստակամության մասին է հայտնում․ սահմանադրագետը՝ հայ-ադրբեջանական փաստաթղթի՝ ՍԴ-ում վավերացման մասին

Այս հապճեպ գործընթացով իշխանությունն Ադրբեջանին իր պատրաստակամության մասին է հայտնում․ սահմանադրագետը՝ հայ-ադրբեջանական փաստաթղթի՝ ՍԴ-ում վավերացման մասին

Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է «Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին» կանոնագրի սահմանադրականությունը, մինչդեռ Ադրբեջանը նույնիսկ չի հրապարակել այն։ Սահմանադրագետները սա խնդիր են համարում։ Նրանք պնդում են, որ այս իշխանությունը որևէ այլ միջազգային փաստաթուղթ կամ պայմանագիր երբեք այսքան արագ չի վավերացրել, որքան սահմանազատման աշխատանքներին վերաբերող այս փաստաթուղթն է վավերացնում։

«Հայկական կողմը՝ իշխանությունը, այսպիսի անհասկանալի հապճեպությամբ ապահովում է ներպետական վավերացում, բայց հենց նույն փաստաթղթի կանոնակարգի վերջին կետը, որը նվիրված է դրա ուժի մեջ մտնելուն, նախապայման ունի՝ որ այս փաստաթուղթը վավեր կարող է համարվել երկու պետությունների ներպետական վավերացման գործընթացներն անցնելուց հետո։ Այսինքն, եթե անգամ ՀՀ-ում ապահովում են ներպետական վավերացումը, նախապայման է նաև Ադրբեջանի Հանրապետությունում այդ ներպետական վավերացման անհրաժեշտությունը։ Առանց մեկը մյուսի, այս քաղաքական թուղթը ուժի մեջ մտնել չի կարող»,- ABC media-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Ըստ Մելոյանի՝ այս գործընթացը անհասկանալի է։ «Սա կապիկություն է, անհասկանալի է՝ ինչու են անում։ Հնարավոր է՝ միջազգային հանրությանը իրենց պատրաստակամությունը հայտնելու համար են անում։ Սրան զուգահեռ, այս իշխանությունը նաև այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իրենք մի շարք կետերի շուրջ համաձայնության եկել են Ադրբեջանի հետ, սակայն մի քանի կետեր են մնացել, որոնց մասով վերապահումներ կան։ Ադրբեջանն էլ հայտարարեց, որ Հայաստանի այն առաջարկին, թե պետք է վավերացնել առկա կետերով պայմանագիրը, իրենք պատրաստ չեն։ Դրան էլ նախորդել էր Ալիևի խորհրդականի այն պնդումը, որ սահմանադրական փոփոխությունները խաղաղության պայմանագիր կնքելու համար հիմնարար պահանջներից մեկն են։ Երևի այս հապճեպությամբ գործընթացն սկսելով էլ Ադրբեջանին իրենց պատրաստակամությունն են հայտնում»,- նկատել է Մելոյանը։