21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական ՍԴ-ի անհայրենիք վարքագիծը

Քաղաքական ՍԴ-ի անհայրենիք վարքագիծը

Սահմանադրական դատարանը որոշեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Վերջին օրերին շատ խոսվեց այս թեմայի մասին, փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ էր այն իրենից ներկայացնում, և ո՞ւմ էր առաջին հերթին ձեռնտու։

Նախապես նշենք, որ կանոնակարգը նոր ծագած փաստաթուղթ չէ, այն մի շարք գործընթացների ուղղակի հետևանք է, ինչ-որ տեղ՝ շարունակություն․ ինչպես հայտնի է՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպել են 10 անգամ, սակայն մինչև կանոնակարգի ի հայտ գալը, ապրիլի 19-ին, արդեն ՀՀ սուվերեն տարածքից տարածքներ էին հանձնվել Ադրբեջանին (թե ինչ սկզբունքով՝ այս մասին ոչ մի փաստական հիմնավորում այդպես է Փաշինյանի կողմից չներկայացվեց, բացի Ալմա Աթայի հռչակագրի մասին պնդումը)։ Այսինքն ստացվում է՝ միջպետական սահման է որոշվել և այդ գործընթացի վերաբերյալ արձանագրությունը չի ներկայացվել ներպետական վավերացման, ինչը գալիս է հաստատելու այն պնդումները, որ այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է։ Եթե ավելի պարզ, քննարկված ու պատրաստված բոլոր փաստաթղթերը պետք է վավերացվեին, հետո նոր տեղի ունենային հաջորդ քայլերը։ Ինչպես տեսնում ենք՝ սա լրջագույն ական է մեր պետականության գոյության համար։

Ըստ էության՝ նմանօրինակ որոշման այս Բարձր դատարանը եզրահանգեց՝ թեման քննարկելով ընդամենը երեք օր։ Ի դեպ նշենք, որ ՍԴ դատավորներից երեքը՝ Հրայր Թովմասյանը, Վահե Գրիգորյանը և Դավիթ Խաչատուրյանը գրել են հատուկ կարծիք։ Բնականաբար հասկանալի է, որ վերջին երկուսը Նիկոլ Փաշինյանի «գրպանային» դատավորներն են, ովքեր բացառապես ծառայում են գործող իշխանություններին, լրիվ գրել են այն տեքստը, որը բխում է Փաշինյանի սրտից։ Ժամանակին, երբ ոլորտի մասնագետները խոսում էին իշխանության կողմից ՍԴ կազմի տոտալ փոփոխության և սեփական դատավորներ նշանակելու ռիսկերի ու դրա մեջ առկա վտանգի մասին, հակառակ կարծիքներ էին հնչում, թե նման բան չկա, ուղղակի դատավորները սեփական կամքով են հրաժարվում իրենց զբաղեցրած պաշտոններից, իսկ հիմա հստակ պարզ է դառնում, թե իրականում ինչ նպատակ ու պլան ուներ Փաշինյանը․ օրինականցնել և լեգիտիմիացնել իր հակապետական քայլերը։

Այս դրվագում հատկանշական և բավականին տարօրինակ է այն փաստը, որ հայաստանյան իշխանությունները առանձնակի հապշտապություն են ցուցաբերում կանոնակարգի վավերացման հարցում, թեև լրջագույն խնդրահարույց կետեր են եղել՝ թե՛ ՀՀ ինքնիշխանության վերաբերյալ, թե՛ տարածքային փոփոխությունների մասով, թե տարածքային ամբողջականության հետ կապված, սակայն այս ամենը ՍԴ դատավորներին բացառապես չհետաքրքրեց։ Հավելենք նաև, որ կանոնակարգը ուժի մեջ է մտնում երկու պետություններում վավերացվելուց հետո, մինչդեռ, Ադրբեջանում պատգամավորներն անգամ ծանոթ չեն այդ փաստաթղթի հետ։

Ակնհայտ է, որ ՍԴ որոշումն ուղղակի մեսիջ էր Ալիևին, ըստ որի՝ Փաշինյանը հստակ ասում է, որ ինքը խնդիր չի տեսնում, գործընթացի լեգալացման հարցում, ավելին Ալևին հստակ ասվում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ոչ մի հակասահմանադրական խնդիր չի առաջանա՝ «կարևորը, արի կնքնենք»։ Հայաստանից Փաշինյանն Ադրբեջանին ասում է, որ Անկախության հռչակագրի նախաբանն այլևս խոչընդոտ չէ։

Չնայած օգոստոսի վերջից սկսած՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հայտարարում են, թե պատրաստ են ստորագրելու խաղաղության պայմանագիրն այն տեսքով, որի շուրջ եկել են նախնական պայմանավորվածության, ադրբեջանական կողմը հանրային կերպով պարբերաբար մերժողական արձագանք է տալիս՝ առաջ բերելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը։ Ավելին՝ Ալիևը բնավ տրամադրված չէ պայմանագրի ստորագրման հարցում շոշափելի քայլ կատարել։ Վերջինս ցույց է տալիս, որ ինքը բնավ չի ցանկանում, որ նման փաստաթութ ստորագրվի, դա իր համար առաջնային չէ։ Իր այս վարքագծով նա հերթական անգամ ուղղակի ստորացնում է Փաշինյանին՝ ցույց տալով, որ «երբ, ի՞նչ ուզեմ, ինչքան ուզեմ, կարող եմ վերցնել», դե իսկ Փաշինյանը հակադարձելու փոխարեն լայն ժպտում է Էրդողանին (այստեղ շատ տեղին է հիշել, որ հայաստանյան իշխանությունները վերջին 3 տարիներին անընդհատ հայտարարում են, թե պայմանագիրը կստորագրվի մինջև տարեվերջ, սակայն «գետնի վրա» ոչինչ տեղի չի ունենում)։  

Ի տարբերություն Ալիևի՝ Փաշինյանին օդ ու ջրի նման պետք է մի փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «Խաղաղության պայմանագիր», սա նրա համար կենսական նշանակության հարց է։ Եվ բնավ էական չէ, թե այդ պայմանագրի տեքստն ինչ բովանդակություն կունենա կամ հայկական կողմի համար ինչպիսի պայմաններում կստորագրվի։ Ինչքան էլ Փաշինյանն ու իր թիմակիցները մեծապետական տեքստեր հնչեցնեն ՀՀ սուվերենության ու տարածքային ամբողջականության անսասանության վերաբերյալ՝ այդ փաստաթուղթը Փաշինյանին պետք է, որպեսզի արտաքին աշխարհին (իր տերերին) և հայաստանյան հանրությանը ցույց տա, թե՝ «տեսե՛ք, խոստացել էի խաղաղություն՝ բերել եմ, խնդրեմ»,  ու այս մանիպուլյացիայով հերթական անգամ վերարտադրվի։

Եթե հիշում եք՝ մինչև ՄԱԿ-ում Փաշինյանի վերջին ելույթը, իշխանականները Սահմանադրության վերաբերյալ ունեին լրիվ այլ նարատիվ, երբ հայտարարում էին, թե «մենք ներկայումս Սահմանադրություն փոխելու խնդիր ունենք, բայց դա դրսի (տվյալ դեպքում Ադրբեջանի) պահանջ չէ, մենք այդ մասին խոսել ենք դեռևս 2018-ից», կամ պնդում, թե «Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, որին ոչ ոք չի կարող խառնվել»։ ՄԱԿ-ում, արդեն, Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ «եթե ՍԴ-ն պայմանագրի վավերացման հետ կապված խնդիր տեսնի, մենք Սահմանադրությունը կփոխենք»։ Այստեղ Փաշինյանն անուղղակի ձևով խոստովանում է, որ Սահմանադրությունը, իսկ ավելի կոկնկրետ Անկախության հռչակագրի փոփոխության պարտադրանքի պահանջը, հնչել է Ադրբեջանից, իսկ մնացած մանիպույլատիվ շրջանցումներն ընդամենը շարքային աճպարարություն են։

Միանշանակ կարող ենք փաստել, որ ՍԴ կողմից կայացված որոշումը խորը քաղաքական բաղադրիչ պարունակող փաստաթուղթ էր, որով ՀՀ բարձրագույն դատարանը ադրբեջանական կողմի համար «կանաչ լույս» է վառում՝ ակնարկելով, որ ՀՀ իրավակարգավորումների հետ ոչ մի խնդիր չի կարող լինել, քանի դեռ երկիրը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի նմանը։  Իսկ իրավիճակի ողբերգությունն առավել սարսափելի է դառնում, երբ տեսնում ենք, որ անգամ Ադրբեջանն է ավելի մեծ ակնածանքով վերաբերվում ՀՀ Անկախության հռչակագրին ու իրավական ակտերին, քան ՀՀ իշխանություններն՝ առավել ևս ՀՀ Բարձր դատարանը։

Արմեն Հովասափյան