
Ո՞ր դեպքում պարեկը կարող է անձնական զննություն կամ խուզարկություն իրականացնել. պարզաբանում է փաստաբանը
«Հայց» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Տիգրան Գրիգորյանը հեղինակային «Օրինաչափ» հաղորդաշարի եթերում պատասխանել է պարեկային ծառայողների կողմից իրականացվող անձնական զննության և անձնական խուզարկության մասին հարցին: Նա պարզաբանել է՝ արդոք իրավաչա՞փ է օրինակ՝ փողոցում գրպանների պարունակությունը ստուգելը։
«Պարեկայինծառայողները, որպես ոստիկանության աշխատակիցներ, իրենց իրավասության և լիազորությունների շրջանակներում կարող են իրականացնել անձնական զննություն, որը կարգավորվում է՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 263-րդ հոդվածով։ Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցը, պարեկային ծառայողը, կարող է կատարել անձնական զննություն, ընդ որում՝ դա պետք է անի զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` և նույն սեռին պատկանող երկու ընթերակաների ներկայությամբ»,֊ասել է Տիգրան Գրիգորյանը:
Փաստաբանի խոսքով՝ անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
Անձնական զննություն, սակայն, չի կարող իրականացվել պարեկային ծառայողի քմահաճույքով, դրա համար պետք է լինի օրինական առիթ, օրինակ՝ վարչական իրավախախտման կանխման կամ արդեն կատարված լինելու դեպքերում։
«Անձնական զննմանկամ զննության դեպքում ոստիկանության ծառայողը կարող է միայն անձին առաջարկել ներկայացնել իր մոտ եղած առարկաները կամ արգելված իրերը, սակայն իրավունք չունի ինքնուրույն և անձի կամքին հակառակ, ստուգել գրպանների պարունակությունը»,-ասել է նա։
Խոսելով անձնական խուզարկության մասին՝ փաստաբանը նշել է, որ ոստիկանության ծառայողը, այդ թվում՝ պարեկային ծառայողը, իրավասու է իրականացնել անձնական խուզարկություն, երբ ձերբակալվել է ենթադրյալ հանցանք կատարված անձը, կամ էլ անձը ձերբակալվում է ենթադրյալ հանցանքի կատարման անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա։ «Ոստիկանության ծառայողի գործողությունները չեն կարող կամայական լինել և, եթե պարզվի, որ ի սկզբանե առկա չի եղել հիմնավոր կասկածը և չէր էլ կարող լինել, տվյալ ոստիկանության աշխատակիցը կարող է ենթարկվել այդ թվում քրեական պատասխանատվության։ Հիշեք, որ անձնական խուզարկությունը հանդիսանում է քրեադատավարական գործողություն»,-ասել է Տիգրան Գրիգորյանը:
Անձնական խուզարկություն կարող է կատարվել այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի հագուստի մեջ, նրա մոտ գտնվող իրերում կամ նրա մարմնի վրա կարող են լինել ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաներ, նյութեր կամ փաստաթղթեր:
Փաստաբանին ուղղված այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում: