22 Հուլ
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
14.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տորնադոյից հետո Ապարանի որոշ թաղամասերում դեռ լույս չկա

Տորնադոյից հետո Ապարանի որոշ թաղամասերում դեռ լույս չկա

Ապարանում դեռ կան թաղամասեր, որտեղ էլեկտրականությունը երեկվա տորնադոյից հետո չի վերականգնվել, բայց լարերը վերականգնում են․ ABC mediaի հետ զրույցում ասաց Ապարանի բնակիչ Արգիշտի Հովհաննիսյանը։

«Մեզ մոտ թաղամասերից շատերում վերականգնվել է էլեկտրականությունը, արդեն բակերն են լվանում, մաքրում։ Այսպիսի բան մենք չէինք տեսել։ Մոտեցա, որ պատուհանից նկարեմ, թիթեղյա իրի հարվածից պատուհանը ջարդվեց։ Ուղիղ գծով պտտահողմը քշում, տանում էր ինչ կար»,- պատմեց Հովհաննիսյանը։
 
Նրա ավտոտնակի տանիքն է պոկվել, երկու ավտոմեքենաները վնասվել։ Վատ վիճակում են հարևանները․ իրենց բնակարանների տանիքներն է տարել պտտահողմը։
 
«Ընդամենը մի քանի րոպե է տևել, բայց այնքան երկար ու դաժան էր։ Բարեբախտաբար, ընտանիքս լավ է, մարդկային վնասներ չունենք»,- ասաց Ապարանի բնակիչը։

Ապարան համայնքում ձևավորվել է հանձնախումբ՝ կարիքները գնահատելու համար։ Ասում է՝ իրենց էլ են այցելել, գույքագրել վնասները, բայց թե ե՞րբ են փոխհատուցելու, ինչպե՞ս՝ հայտնի չէ․ «Դե հո չենք սպասելու էսպես, մենք կփորձենք մեր ճարն անել, մինչև պետությունը կօգնի»։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին Արագածոտնի մարզի Ապարան բնակավայրում մի քանի րոպե տևած պտտահողմը մեծ վնասներ է հասցրել քաղաքացիներին։ Նույն վիճակն է ստեղծվել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում։

 

Ռազմագերիներ