
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն և Ջրային կոմիտեն 11 միլիարդ դրամ ներդրումներով կփորձեն բարելավել ջրային համակարգը
«Վեոլիա ջուր» ընկերությունը և Ջրային կոմիտեն շուրջ 11 միլիարդ դրամի ներդրումներ կկատարեն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով․ հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հուլիսի 16-ին համաձայնագիր է ստորագրվել, որով վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ։
«Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով (վարձատուի՝ պայմանագրով նախատեսված տարեկան վարձավճարի և վարձակալի՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցներով)` ապահովելով Երևան քաղաքի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում, որի հետևանքով ջրի ընդհանուր կորուստների կրճատման արդյունքում ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջին տարիներին օրհասական դարձած ջրաղբյուրների նվազեցման ֆոնին ներդրումները հնարավորինս կլրացնեն ջրամատակարարման պակասող ջրաքանակները։
Ծրագրերը կիրականացվեն 2025-2026 թվականներին։