Ո՞վ է ձեզ իրավունք տվել ինձ հեռացնել, ոտնահարում եք երևանցիների ընտրությունը. Հայկ Մարությանը՝ ավագանու նիստին
Ավագանու այսօրվա նիստի օրակարգում քննարկվում է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի և այլ անդամների լիազորությունների կասեցման հարցը։
Նիստին ներկա Հայկ Մարությանն այս որոշումը «անամոթ» որակեց:
«Ո՞րն է այս որոշման իրավական, քաղաքական ու բարոյական հիմնավորումները։ ՔՊ-ից ասում են, որ եթե ավագանու անդամը նիստերի և քվեարկությունների կեսից շատին չի մասնակցել, կարող է հեռացվել։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել ձևակերպմանը․ կարող է հեռացվել։ Այսինքն՝ կարող է նաև չհեռացվել։ Եթե այդպես հայացողության հարց է, ինչու նախորդ գումարումների ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով նիստերին չէին գալիս, որովհետև ձեզ դեմ դուրս չէին գալի՞ս։ Գիտե՞ք՝ ում եք հեռացրել նախորդ անգամ․ Լուսինե Մխոյանին, այն բանի համար միայն, որ երբ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք, նա ձեզ չմիացավ։ Այ էս եք դուք»,- ասել է Մարությանը։
Նա նշել է, որ քաղաքացիներն են իր գործատուն և իրեն ընտրել են 3 տարով:
«Այսօր ո՞վ է ձեզ իրավունք տվել ինձ հեռացնել․ դու՞ք եք ինձ մանդատ տվել, թե մտածում եք իմ գործատուն եք։ Արդեն որերորդ անգամ եք ոտնահարում երևանցիների ընտրությունը»,-ասաց նա։
Մարությանը երևանցիներին հիշեցրեց՝ ավագանու անդամները աշխատում են հասարակական հիմունքներով, անվճար։
«Դա չի նշանակում, որ դրա համար չեմ գալիս նիստերին։ Մենք աշխատանքի առյուծի բաժինը անում ենք այս դահլիճից դուրս»,֊նշեց Մարությանը: