Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիիներում նոյեմբերի 10-ին համընդհանուր աղոթք կհնչի Բաքվում պահվող գերիների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։
Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով՝ աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող պատարագին հրավիրված են քաղաքական, դիվանագիտական տարբեր գործիչներ։
Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին Հռոմում՝ Սբ Նիկողայոս եկեղեցում, տեղի է ունենալու էկումենիկ աղոթք։ Հռոմում նախատեսված պատարագին հրավիրվել են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։
Գարեգին 2-րդի կոչին արձագանքել են նաև Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսը։ Նրանք իրենց անդամ եկեղեցիներին ու բարի կամքի տեր մարդկանց հորդորել են նոյեմբերի 10-ին միանալ աղոթքի օրվան