Ջերմուկում ապրում եմ, Նախիջևան վերադառնալու մասին՝ երազում․ Զնապերտ գյուղից Գրետա Սողոմոնյանի նախիջևանյան հուշերը
«Կարճ չեմ կարողանում մեր գյուղից պատմեմ, է՜, անընդհատ ուզում եմ խոսել, խոսել մեր տնից, բակից, մայրիկիցս, մեր գյուղացուց, ոչի՞նչ»․ զրույցն այսպես է սկսում Նախիջևանի Զնապերտ գյուղից տեղահանված ու Ջերմուկում ապրող Գրետա Սողոմոնյանը։
«Ծնվել եմ 1955 թվականին գյուղացու ընտանիքում։ Մայրս տնային տնտեսուհի էր, հայրս՝ բրիգադիր, գինեգործ, գյուղի աշխատավոր մարդ։ Այնքան լավ մանկություն եմ ունեցել մեր տանը։ Մայրս գյուղի «շտապօգնությունն» էր, եթե մեկը հիվանդանար կամ ինչ-որ բանի կարիք ունենար, մեր տուն կվազեր։ Շատ լավ եմ հիշում՝ մի օր վերին թաղից մեր գյուղացիներից մեկը վազելով դեպի մեր տուն եկավ, մորս ասաց՝ «Ձոնիկ, էրեխես քառասունքի մեջ ա, փորացավ ունի, քեզ հոգապահուստ կունենաս։ Կրիայի չորացրած ձու կտա՞ս»։ Ես լուռ հետևում էի։ Մայրս միանգամից մտավ սենյակ ու թղթի մեջ փաթաթած սպիտակավուն փոշին ձեռքին դուրս եկավ։ Օրհնանքներ շաղ տալով՝ մեր տնից դուրս եկավ համագյուղացին»,- մանկության օրերից մի դրվագ է պատմում տիկին Գրետան։
Այո՛, ճիշտ կարդացիք` կրիայի չորացրած ձու։ Զնապերտ գյուղում կրիաներ շատ կային, գուցե հիմա էլ կան, չգիտենք։ Գրեթե բոլորի բակում կրիան երեխաների համար կենդանի «խաղալիք» էր, տղամարդկանց համար` ուտելիք, իսկ Գրետայի մոր համար բուժիչ միջոց․ կրիան մորթելուց հետո ձուն թողնում էին արևի տակ ու չորացնում։ Չորանալուց մանր փշուրներ էր դառնում, ինչն էլ գործածում էին փորացավի դեմ։ Նախիջևանում մառանը լիքն էր թե՛ նեղ, թե՛ սովորական օրերի համար։
«Նախիջևանից առաջին անգամ դուրս եկա 10-րդ դասարանն ավարտելուց հետո՝ 1972 թվականին։ Սովետական Երևանում ուսանող էի։ Ես այլևս չկարողացա վերադառնալ իմ տուն։ Հայրս՝ Սիսակ Սողոմոնյանը, միշտ պատմում էր՝ ինչպես դուրս եկան գյուղից։ Մեր ընտանիքին մոտ թուրք տղա կար, մի օր մոտոցիկլով եկել է ու ասել, որ մինչև երեկոյան 23։00-ն լքեն գյուղը, հարձակվելու են։ Մերոնք չեն իմացել` հավատա՞լ նրան, թե՞ ոչ։ Կանանց ու երեխաներին տեղահանել են, իրենք մնացել գյուղում։ Ջահել տղաներին ուղարկել են սահմանին մոտ ու պայմանավորվել․ եթե տեսնեն դուշմանին, պետք է ունեցած որսորդական հրացանով կրակեն։ Գյուղի տները, խաղողի այգիներն ու հանդերը հետևում թողելով՝ տղաները հասել են սահման։ Թուրքի նշած ժամից րոպեներ անց ձայներ են լսել ու համոզվել` հարձակում է»,- պատմում է Գրետա Սողոմոնյանը։
Տղաները ծանոթ էին գյուղի ամեն քար ու փոսին։ Վառել են այգիները՝ որպես գրոհելու մի տեսակ ու սկսել գյուղում մնացած տղամարդկանցով կռվել՝ ինչպես կարող էին։
«Երբ լուսացել է, մերոնք հիացել են իրենց կատարած «աշխատանքով», բայց ի՞նչ օգուտ, հիմա ու՞ր են։ Իրենց ցուցաբերած դիմադրությունը գաղթով ավարտվեց։ Հայաստանում ապրեցին՝ կարոտով ու տուն վերադառնալու հույսով։ Մեկ-մեկ որ արդեն իմ երեխաներն են հավաքվում, ասում եմ՝ հենց ազատագրենք մեր հողը, ես բոբիկ կգնամ»։
Տիկին Գրետան ուսումն ավարտելուց հետո Ջերմուկում է ամուսնացել։ Տանը միայն ինքն է նախիջևանցի, բայց ընտանիքը քաջածանոթ է նախիջևանյան ուտեստներին, սովորույթներին։
«Եղբորս համադասարանցին Զնապերտի մասին գիրք էր տպագրել, այդ գիրքը հորս էլ էին նվիրել։ Դե ես էլ հորիցս «գողացա», Ջերմուկ բերեցի։ Հիմա, երբ կարոտում եմ մեր տունը, բացում, կարդում ու հիշում եմ»,-պատմում է նախիջևանցի կինը։
Իրենց Ջերմուկի տանը Նախիջևանի բաղադրատոմսով մասրապուր, կորկոտ է եփում, գաթա թխում։
«Մեր կուրկուտի բաղադրատոմսը ուրիշ է․ 7 տեսակի ձավար բովում ենք, խառնում իրար։ Սա մենք անում ենք Տրնդեզի օրը։ Այդ օրն անպայման կոպեկով գաթա էլ ենք թխում»,- պատմում է Գրետան։
Նրա ընտանիքը, հորեղբայրներն ու հարազատները Նախիջևանից տեղահանվելուց հետո բնակվել են Արարատի մարզի Եղեգնավան գյուղում։ Մյուս համագյուղացիները Վայքի շրջանի մի գյուղում են հաստատվել՝ անվանակոչելով Վերին Զնապերտ։
«Ուզում եմ դիմեմ Վերին Զնապերտի գյուղապետին, մեր գյուղապետին, որ մի հողամաս տա ու մի փոքր տուն, գնամ, գյուղացիներիս տեսնեմ, իրենց հետ մեր բարբառով խոսեմ, մեր անցած կյանքը հիշեմ։ Թե չէ քանի տարի է` չի ստացվում, չեմ կարողանում գնալ գոնե մի քանի ժամով։ Հավատու՞մ եք, ամեն օր ես մեր տունն եմ հիշում, արդեն թոռներիս պատմում»,-ասում է 70-ամյա կինը։
Խոսելով բարբառի մասին՝ տիկին Գրետան հպարտանում է, ասում, որ իրենց բարբառը շատ փափուկ ու տարբերվող է։ Հիշում է՝ Երևանից բարեկամները գյուղ էին հասնում, թե չէ, սկսում էին բարբառով խոսել։ «Մեր լեզուն շատ հեշտ է յուրացվում»,- ասում է անթաքույց հիացմունքով։
Ապագայի մասին հարցը լսելիս էլ հոգոց է հանում ու դժվարանում պատասխանել. «Ամբողջ աշխարհը խառնվել է։ Կասկածամիտ եմ, ապագաս չեմ պատկերացնում, չգիտեմ՝ ինչ կլինի։ Միշտ ասում եմ՝ դժվարությունը ժամանակավոր է, ու դրանով լուսավորում թե՛ ներկաս, թե՛ ապագան»։
Անի Աբաղյան