19 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության խաչմերուկը» գեղեցիկ, ինտելեկտուալ կառույց է՝ չլցված կոնկրետ բովանդակությամբ․ Forbes

«Խաղաղության խաչմերուկը» գեղեցիկ, ինտելեկտուալ կառույց է՝ չլցված կոնկրետ բովանդակությամբ․ Forbes

Ռուսաստանը համաձայնել է հետ կանչել իր սահմանապահներին հայ-իրանական սահմանի անցակետից։ Forbes-ում հրապարակված հոդվածում քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադրաձել է հարցին, թե արդյոք դա նշանակում է վերջնական «ամուսնալուծություն» Մոսկվայի և Երևանի միջև, և ինչո՞ւ ռուսական սահմանապահ զորքերը կշարունակեն պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը:

Ըստ նրա՝ ռուս-հայկական հարաբերություններն այսօր այլ կերպ, քան պարադոքսալ, չի կարելի անվանել։ Մի կողմից, Մոսկվան և Երևանը չեն խոսում ռազմավարական գործընկերությունից հրաժարվելու մասին, սակայն, մյուս կողմից, նույնիսկ կույրը կարող է տեսնել Հայաստանի ղեկավարության՝ Ռուսաստանից հեռու մնալու ցանկությունը։ Եվ այս ամենը Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այդ կազմակերպությունների անդամ առանձին երկրների, առաջին հերթին, Ֆրանսիայի միջև շփումների աճի ֆոնին։ Միևնույն ժամանակ՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներից լուրեր են տարածվել հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը նվազեցնելու համաձայնագրերի, ինչպես նաև Երևանի կողմից Եվրասիական անվտանգությանն առնչվող երկու համաձայնագրերի չմիանալու մասին։

Դա, անշուշտ, ավելացրել է լրացուցիչ անհանգստություն: «Արդյո՞ք մենք դաշնակիցների վերջնական «ամուսնալուծության» նախաշեմին ենք, որոնց նկատմամբ պետք է օգտագործենք «նախկին» տերմինը։ Թե՞ մենք դեռ չենք հասել անվերադարձ կետին», – գրել է քաղաքագետը։

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են, որ առաջին հերթին հայ սահմանապահները կմիանան իրենց պետական սահմանի իրանական և թուրքական հատվածների պահպանությանը, և երկրորդ՝ Իրանի հետ անցակետից ռուսների դուրսբերման մասին, բայց ոչ ողջ հայկական սահմանային տարածությունից։ Հարկ է նշել, որ այս որոշումը վերաբերում է ոչ միայն ռուս-հայկական հարաբերություններին կամ Կովկասում Ռուսաստանի և Արևմուտքի առճակատմանը։ Փաստն այն է, որ Թեհրանը, իհարկե, ոչ թե ալտրուիզմից դրդված, այլ տարածաշրջանում սեփական շահերը գիտակցելով, փորձում է հակազդել ադրբեջանա-թուրքական տանդեմի ուժեղացմանը։ 2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Իրանը հետևողականորեն դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Իրանը պատրաստ է կոշտ առճակատման ոչ միայն Անկարայի ու Բաքվի, այլև՝ Մոսկվայի հետ։ Ուստի՝ Երևանի համար շատ կարևոր է դրական ազդանշան տալ Թեհրանին։ Այնուամենայնիվ, Մոսկվայի համար կարևոր է նաև հետխորհրդային տարածքում Արևմուտքի հետ հակամարտության և Մերձավոր Արևելքում նոր էսկալացիայի ֆոնին պահպանել փոխգործակցությունը իրանական կողմի հետ։

Միևնույն ժամանակ, չի կարելի չնկատել, որ սահմանային «նորարարությունները» նվազագույնը վերաբերում են հայկական սահմանի թուրքական ուղղությանը։ Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես է ընթանում հարաբերությունների կարգավորման գործընթացն Անկարայի և Երևանի միջև, իսկ այն դանդաղ է ընթանում և կախված է նրանից, թե հայկական կողմը որքան արագ լեզու կգտնի ադրբեջանական կողմի հետ, երկրների միջև անվստահությունը մեծ է, իսկ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, դժվար թե «զսպի իրեն» Վաշինգտոնից և Բրյուսելից դաշնակիցների կողմից ֆորսմաժորային իրավիճակներում:

Հայաստանը փորձում է փոխել իր արտաքին քաղաքական կուրսը։ Չի կարելի ասել, որ դա նրան հաջողվում է։ ԱՄՆ-ն, ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն շատ են խոսում երկրի «անկախության և տարածքային ամբողջականության» մասին, սակայն չեն տալիս նրան անվտանգության կոնկրետ երաշխիքներ և չեն առաջարկում տնտեսական զարգացման ծավալուն նախագծեր։ Դիվերսիֆիկացումը և «խաղաղության խաչմերուկի» կառուցումը, որտեղ Երևանը կարող էր միաժամանակ բարեկամանալ Արևմուտքի և Իրանի, Ռուսաստանի ու Հնդկաստանի, Չինաստանի և Թուրքիայի հետ, դեռևս մնում է գեղեցիկ ինտելեկտուալ կառույց՝ չլցված կոնկրետ բովանդակությամբ։