23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պոլսահայ մտավորականը՝ Նոբելյան մրցանակակիր․ ո՞վ է Տարոն Աճեմօղլուն և ի՞նչ է ասել Հայաստանի մասին

Պոլսահայ մտավորականը՝ Նոբելյան մրցանակակիր․ ո՞վ է Տարոն Աճեմօղլուն և ի՞նչ է ասել Հայաստանի մասին

Տնտեսագիտության ոլորտի ամենահայտնի մասնագետներից պոլսահայ Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակակիր է։

«Ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար» շնորհված մրցանակն Աճեմօղլուն կիսել է Մասաչուսեթսի համալսարանից Սայմոն Ջոնսոնի և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնի հետ:

Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին՝ Ստամբուլում։ Տեղի՝ Գալաթասարայի վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։

Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ՝ էկոնոմետրիակայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում, ապա դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։

2004 թվականից Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։

Foreign Policy հանդեսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքում։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Աճեմօղլուն պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով (John Bates Clark Medal), որը տրվում է մինչև 40 տարեկան տնտեսագետներին։

2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն տեղեկացրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ տնտեսագետի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցելու «տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում»։

Ավելի ուշ նա մի քանի անգամ այդ հարցով տեսակամուրջների էր մասնակցել, խորհուրդներ տվել ՀՀ կառավարությանը։

Թուրքական լրատվամիջոցներն էին լայնորեն լուսաբանել Հայաստանին աջակցելու նրա պատրաստակամության մասին լուրն ու նշել, որ Աճեմօղլուն կփրկի Հայաստանի տնտեսությունը։

Ավելի վաղ շրջանում՝ 2017 թվականին տված հարցազրույցում, խոսելով Հայաստանի տնտեսության մասին, Աճեմօղլուն ասել է․ «Ես գիտեմ, որ Հայաստանը շատ բարդ աշխարհագրական միջավայրում է։ Հարևանները, որ մենք ունենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, նրանցից և ոչ մեկը չի նպաստում Հայաստանի տնտեսական և քաղաքական վերելքին։ Սակայն ես նաև կարծում եմ, որ աշխարհագրությունը որևէ կերպ բախտորոշ չէ։ Իհարկե, հանգամանքը, որ Հայաստանը բարդ աշխարհագրություն ունի՝ տրանսպորտային ուղիներին կապվելու լեռնային տեղանք և բարդ մատչում ծովին, անբարենպաստ է, սակայն այս խոչընդոտներն անհաղթահարելի չեն»,- ասել էր Աճեմօղլուն և բերել երկու երկրների օրինակ՝ Շվեյցարիայի և Իսրայելի։ Նրա խոսքով՝ Շվեյցարիան Հայաստանի եվրոպական տարբերակն է, և շատ հաջողված է»։

Պոլսահայ տնտեսագետը բազմիցս վերլուծել է նաև ծննդավայր Թուրքիայի տնտեսական վիճակն ու զգուշացրել մոտալուտ վտանգների մասին։

2023 թվականի իր հարցազրույցներից մեկում նա նշել էր՝ Թուրքիան տեխնոլոգիաները ճիշտ չի օգտագործում։

«Քաղաքական պատճառներով ազատությունները սահմանափակված փայլուն երիտասարդները  Թուրքիայից հեռանում են։ Եթե քիչ գնան, խնդիր չկա, սակայն այս չափի մեծ թվի դեպքում այն ճանապարհ կբացի դեպի փլուզում, եւ Թուրքիան դրա եզրին է»,–ասել է հայազգի տնտեսագետը։

Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) գիրքը աշխարհում ամենաշատ վաճառված տնտեսագիտական աշխատություններից մեկն է։