Թեև համացանցը ՀՀ-ում ազատ է, որոշ դեպքերում կալանավորվում են անհատներ, իսկ լրագրողները՝ ենթարկվում բռնության. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում 2024 «Վստահության համար պայքարն առցանց տիրույթում» զեկույցը: Այս տարի Հայաստանը, երկու միավորով բարելավելով դիքերը և, ստանալով 74 միավոր հնարավսր 100-ից, դասվել «ազատ» համացանց ունեցող երկրների շարքին:
Զեկույցն ընդգրկում է 2023 թ. հունիսի 1 -ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Հայաստանի առցանց միջավայրը շարունակել է մնալ բաց, իսկ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները։ Այնուամենայնիվ, երկրում անհատները հաճախ թիրախավորվել են լրտեսող ծրագրերի միջոցով:
Հաշվետու ժամանակահատվածում կայքերի կամ սոցիալական մեդիայի հարթակների արգելափակումներ չեն գրանցվել՝ ի տարբերություն դիտարկված նախորդ շրջանների:
Ինտերնետ հասանելիությունը լայնորեն տարածված է մայրաքաղաք Երևանում և ընդլայնվում է ողջ հանրապետությունում։ Հայաստանում ինտերնետ կապի հուսալիությունն ու արագությունը հիմնականում բարելավվել են վերջին տարիներին։ Հանրային Wi-Fi-ը հասանելի է Երևանում, բայց ավելի սահմանափակ՝ այլ քաղաքներում:
Լուսաբանման ժամանակահատվածում չեն արգելափակվել մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը:
Ընդհանուր առմամբ՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակությունը արգելափակված չէ, թեև որոշ կայքեր արգելափակվել են լուսաբանման նախորդ ժամանակահատվածներում: Մինչև 2020-ի Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը, արգելափակումը սովորաբար սահմանափակվում էր տեղական բովանդակությամբ:
Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ և նրա ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում մնում են զգայուն թեմաներ։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը, որը փաստացի անկախություն էր հռչակել Ադրբեջանից 1994 թվականից, բռնի տեղահանվել է Հայաստան։ Նախկինում, երբ կառավարությունը ռազմական դրություն էր հայտարարել, Հայաստանի պաշտոնյաները քաղաքացիներին հրահանգել էին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկումից Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահերին և պատժել նրանց այս սահմանափակումները խախտելու համար:
Առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ:
Անդրադառնալով օտատիրոջ իրավունքներին՝ նշվել է, որ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունն անհատների և լրատվամիջոցների համար, իսկ Հայաստանի քրեական օրենսդրությունը լրագրողներին տալիս է որոշակի պաշտպանություն:
Որոշ օրենքներ սպառնում են առցանց արտահայտվելու ազատության սահմանադրական երաշխիքներին: Քրեական օրենսդրությունն արգելում է ռասայական, կրոնական կամ ազգային ատելություն հրահրող խոսքի տարածումը, ինչպես նաև պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը ուժով փոխելու կոչեր, ինչը կարող է օգտագործվել կառավարությանը ոչ բռնի քննադատներին ձերբակալելու և հետապնդելու համար:
Անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանվում են իրենց առցանց գործունեության համար:
2024 թվականի մարտին իրավապահները բերման են ենթարկել Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ովքեր քննադատել են կառավարությանն իրենց «Իմնեմնիմի» փոդքաստում։ Այնուհետև հաղորդավարները խուլիգանության մեղադրանքով դատապարտվել են երկամսյա կալանքի։
Պետական իշխանությունների կողմից էլեկտրոնային հսկողությունը շարունակում է սպառնալիք մնալ հայերի առցանց գաղտնիության իրավունքների համար։
Առցանց լրագրողները երբեմն ենթարկվում են ապաօրինի ահաբեկման կամ ֆիզիկական բռնության՝ ի պատասխան իրենց աշխատանքի, թեև նման հարձակումները որոշակիորեն նվազել են թավշյա հեղափոխությունից հետո: 2023 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք՝ ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց, և 60 դեպք, երբ նրանց վրա ճնշում է գործադրվել այլ կերպ։