29 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարտեզ՝ ըստ ճաշակի

Քարտեզ՝ ըստ ճաշակի

Նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին սահմանազատման կանոնակարգն Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկելու և այն վավերացնելու հարցին։ Ի սկզբանե փաստենք, որ չնայած ՍԴ կողմից վավերացմանը, այն ակնհայտ հակասահմանադրական փաստաթուղթ է, որի մասին այդպես էլ հստակ որևէ դրվագ չլուսաբանվեց՝ բացի փոխվարչապետի գրասենյակի հրապարակված անհասկանալի ու իր մեջ բավական վտանգ պարունակող տեքստը։ Որպես նախաբան նշենք, որ թե՛ հանձնաժողովում, թե՛ նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանն այպես էլ հստակ որևէ հարցի չպատասխանեց՝ տալով ընդհանրական ու լղոզված պարզաբանումներ։

Տեղի ունեցող գործընթացը, որ ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակապետական, ոչ մի աղերս չունի հայի ու հայկական արժեքների հետ և բացառապես սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը։ Ավելին, տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ Փաշինյանի կողմից պերմանենտ չարչրկվող Ալմա Աթայի հռչակագիրն այս պարագայում ևս դառնում է առոչինչ և ունի զրոյական նշանակություն, քանի որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փաստացի շրջանցում է նաև այն։

Գրիգորյանի պնդումներից հայտնի դարձավ, որ Սյունիքում և Տավուշում սահմանազատման գործընթացն իրականցվել է 1976 թվականի քարտեզներով, ավելին, նա հայտարարեց, որ տվյալ քարտեզները վերաբերվել են միայն այդ կոնկրետ տարածքին։ Այլ կերպ ասած՝ նույն 1976 թվականի քարտեզում մյուս վիճելի հատվածներում առկա խնդիրներն ու անցնող սահմանը պետք է սահմանազատվի այլ քարտեզներով, ինչն անտրամաբանական է, քանի որ այս ամենը խոսում է մի անհասկանալի ու անկանխատեսելի իրականության մասին։ Ստացվում է՝ Ջերմուկի ու Վարդենիսի համար կիրառվելու է մի քարտեզ, իսկ ասենք Սոթք-Խոզնավար կամ մեկ այլ աշխարհագրական հատվածի՝ լրիվ այլ։ Եվ էլ ավելի վիճահարույց է, երբ որպես «գետնի վրա» կիրառվող հիմք հանդիսացող քարտեզը օգտագործվում է ոչ թե «և-և», այլ՝ «կամ-կամ» սկզբունքով, քանի որ ավելի քան կանխատեսելի է, որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր հատվածի համար առաջ կբերի իր համար շահեկան ու նպաստավոր բնագիծ ունեցող քարտեզային տարբերակ, ինչի, դարձյալ նույն տրամաբանությամբ, հայկական կողմը ոչ մի առարկություն չի ունենա։

Ստացվում է, որ այն կանխատեսումը, թե կանոնակարգում ֆիքսված «հատվածային սահմանազատման» փաստը հսկայական ական է՝ ներդրված սահմանների ճշգրտման գործընթացում, իրականացավ, և այն ռիսկը, որ, երբ կոնկրետացված չէ հստակ հատված, այսինքն՝ չկա քարտեզային հիմք, ոչ մի երաշխիք չկա, որ որևէ տարածքում, այսպես կոչված, հատվածային սահմանազատման ժամանակ ադրբեջանական կողմը հերթական պահանջը կներկայացնի և նոր քարտեզ կդնի բանակցվող սեղանին, Գրիգորյանը հնազադորեն հաստատեց։

Բնականաբար անտրաբանական է, խորհրդարանում նման քննարկում անցկացնելը, քանի որ կոնկրետ Տավուշում սահմանազատում կոչված գործընթացն իրականցվել է առանց որևէ կանոնակարգի, կամ որ նույնն է՝ հայկական զորքերը հետ են քաշվել ու ստրատեգիական բարձունքներն ադրբեջանական կողմին են հանձնվել ուղղակի՝ չունենալով որևէ փաստական հիմնավորում։

Ինչպես բոլոր դեպքերում ենք ականատես դառնում, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն իրենց քայլերն իրականացնում են հետևից՝ ինչպես Փաշինյանն է սիրում՝ «հակառակ կողմից»․ նախ կատարվում է գործընթացը, ապա նոր միայն այն փորձում են փաստաթղթավորել։ Այսօր մենք առերեսվում ենք մի իրողության հետ, երբ փաստացի ՀՀ սուվերեն տարածքից հայկական ստորաբաժանումները հետնահանջ են արել, ՀՀ սեփականաություն հանդիսացող գույքը (դիրքերը, այնտեղ գտնվող կահավորանքը) նվիրվել է Ադրբեջանին առանց որևէ իրավական հիմնավորման՝ ուղղակի բարի ցանկության հերթական պրիմիտիվ դրսևորում, այն դեպքում, երբ Ալիևն ընդհանրապես չի թաքցնում իր իրական նպտականերն ու այն դրսևորում հստակ ընդգծված դիրքորոշմամբ (Բաքվից հնչող ամենօրյա հռետորաբանությունը ոչ մի բանական ու կառուցողական դիսկուրսի մասին չի խոսում)։

«ՀՀ սահմանազատում» կոչված այս ողջ գործընթացում «կարմիր թելի» նման գնում է և աստիճանաբար պարզորոշվում, որ հենց իշխանություններն են ամեն անգամ հակասում իրենց իսկ հայտարարություններին, երբ ասում են մի բան՝ անում հակառակը։ Դեռևս ապրիլ-մայիսին իշխանության տարբեր ներկայացուցիչներ Տավուշում հայտարարում էին, թե Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատումն իրականացնելուց հետո գործընթացները տեղափոխվելու են Բերքաբերի հատված և այնտեղ են կատարվելու քարտեզագրումներ ու չափագրումներ, ավելին, հպարտորեն հայտարարում էին, թե «Բերքաբերի ջրամբարից այն կողմ գտնվող մոտ 900 հա տարածքները վերադարձվելու են բերքաբերցիներին», սակայն ոչ մի քայլ այս հարցում չի արվել։ Այպիսով, հերթական անգամ պարզորոշ կերպով տեսնում ենք, որ Ադրբեջանն իր հստակ կեցվածքով և կոնկրետ չոր հռետորաբանությամբ Նիկոլ Փաշինյանից կարողանում է ստանալ այն, ինչ ցանկանում է, իսկ ՀՀ իշխանություններն ինչքան էլ հոխորտան տարբեր «դիվանագիտական» հաջողութունների ու անհասկանալի ձեռքբերումների մասին, «գետնի վրա» ունենք հետևյալ իրողությունը․ հայկական կողմը առայժմ միայն զիջում է՝ փոխարենը ոչինչ չստանալով։

Հատկանաշական է՝ ևս մի կարևոր դրվագ․ ըստ էության ի տարբերություն ՀՀ-ում տեղի ուենցող բուռն քննարկումներին և օրենքի վավերացմանը, Ադրբեջանում այս հարցի վերաբերյալ որևէ համընթաց գործընթած գոյություն չունի։ Սա լրջագույն նոնսենս է և  վկայում է այն մասին, որ տեղի ուենցող գործընթացը շատ հավանական է մտնի փակուղի։ Ինչպես հաճախ Նիկոլ Փաշինյանն է սիրում կրկնել «սահմանազատման գործընթացը սինխրոնիզացված գործընթաց է», սակայն մենք տեսնում ենք, այլ բան։ Տվյալ դեպքում, եթե Ադրբեջանը չի ստորագրում ու վավերացնում կանոնակարգը, ապա հայտնվում ենք հերթական «կոտրած տաշտակի» առաջ, և հարկավոր է լինելու ամեն ինչ սկսել զրոյից։

Ըստ էության՝ մենք այս օրերին կատարվող իրադարձություններից կարող ենք եզրակացնել հետևյալը․ եթե մինչև այս ժամանակահատվածը կատարված հակապետականության ու դավաճանական գործողությունների համար մեղավոր էր միայն Նիկոլ Փաշինյան (պատերազմի հրահրում, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիա, Պրահայում հայտնի հայտարարությունը և այլն), հիմա նա անցել է հաջորդ շրջափուլին․ կանոնակարգը ՍԴ-ում «վավերացնելուց» հետո, այժմ խորհրդարանում փորձում է ստանալ նոր «լեգիտիմություն»՝ իր ողջ թիմին ներքաշելով այդ ամենի մեջ, որպեսզի պատասխանատվությունը կրեն հավասարաչափ ու ամբողջական։ Ակնհայտ է, որ Փաշինյանը շտապում է իր ձեռքերում ունենա փաստաթղթեր, որոնց մեկի վրա գրված կլինի «ՀՀ սահմանների դեմարկացիա, մյուսում՝ «Խաղաղության պայմանագիր», իսկ դրանց բուն բովանդակության վրա նա ուղղակի թքած ունի։

Հ․Գ․ Երբ ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանը հպարտորեն հայտարարում է, թե «փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա», իշխանության ողջ մերկությունը դառնում է շատ ավելի պարզ ու հանրամատչելի։

Արմեն Հովասափյան