«Գյուղացի Նիկոլի տունը» կռիվ էր ընկել
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր իշխանություն, որպես պետական կառավարման հիմնական առանցք, մշտապես պատասխանատու է երկրի ներքին կայունության, ինչպես նաև քաղաքական կյանքի ու պետական կառավարման համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու հարցում։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ արդի կառավարիչներն ապրում են լրիվ այլ օրակարգով և լրիվ այլ դավանաբանական արժեքների կրողներ են։ Ավելին՝ նրանց համար որպես հիմնական նպատակ՝ ամեն գնով իշխանության մնալն է։
Նիկոլ Փաշինյանի թիմում վերջին շրջանում որոշակի տարաձայնություններ և լարվածություն են նկատվում, ինչը կապված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական որոշումների հետ։ Եթե բանական մտածողություն ու տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր հայի մոտ տպավորություն կլինի, թե դա պայմանավորված է պետական կառավարման սխալ քաղաքական կուրսի հետ և ինքն ունի վերապահում տվյալ հարցի վերաբերյալ (ապօրինի սահմանազատում, ձևախեղված կանոնակարգ, թուրքական «քիրվայություն», Ցեղասպանությունից հրաժարում և այլն), ապա պետք է շտապեմ հիասթափեցնել, քանի որ ամեն ինչ շատ ավելի պրիմիտիվ է։
Ինչպես հայտնի դասական պատմվածքի սկզբում էր ասվում՝ «գյուղացի Համբոյի տունը՝ կռիվ էր ընկել»․ մեծ գրողի միտքը մի փոքր վերաձևակերպելով՝ այդ նախադասությունը մի քիչ ձևափոխեմ՝ «գյուղացի Նիկոլի տունը՝ կռիվ էր ընկել»։ Եթե պատմվածքում «կռվի» պատճառը մանկահասակ «Գիքորին քաղաք տանելու» հետ էր կապված, ապա մերօրյա հայաստանյան «կռիվը» բավական լուրջ ու խորն արմատներ ունեցող է, և ներիշխանական գզվռտոց է, որտեղ բոլորն ուզում են տիրել ամբողջին՝ չցանկանալով կիսել թիմակիցների հետ ոչինչ։
Այս ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը, որն անընդհատ շեշտում է, թե «անիմաստ է իշխանության ներսում թևեր փնտրել», որ «ցանկացած թիմում էլ լինում են տարբեր խոսակցություններ, որոնք հարթվում են» կամ նման այլ պնդումներ, ընդամենն ինքնախաբեություն է, քանի որ ինքն անձամբ է հասկանում, որ «հեղափոխությունն արդեն խժռել է իր զավակներին»․ բոլորիս աչքի առաջ «խելոք», «համեստ» կառավարումից բան չհասկացող վարչախմբի ներկայացուցիչները դարձել են կոռումպացված չինովնիկներ՝ կորցնելով իրականության զգացումը։ Ի դեպ՝ ցանկացած իշխանություն, որը կտրվում է առօրյա իրականությունից և իրեն ամպերում զգում՝ դատապարտված է կործանման։
Փաշինյանի կառավարության քայլերն ու ազդակները շատ հաճախ իրավիճակային են ու հակասում են միմյանց: Ավելին՝ ՀՀ առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերի հիմնական մասը զուրկ են բովանդակությունից: Հաճախ ենք տեսնում, թե ինչպես են նախարարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում ամեն կերպ հաճոյանալ ու միանգամից համաձայնել Փաշինյանի կողմից հնչեցրած ցանկացած մտքի՝ անկախ դրանից այն իր մեջ ինչ աստիճանի ռացիոնալություն է պարունակում․ գլխավորը՝ «շեֆը գոհ մնա ու թարս չնայի», մնացածը մեկնաբանության հարց է։ Ըստ էության՝ սա խոսում է անկեցվածք և անտեսակետ կառավարման համակարգի մասին, ինչը բնորոշ է դասական ավտորիտար բոլոր համակարգերին՝ հրամանն իջեցվում է բուրգի գագաթից, իսկ ենթականերն առանց ընդդիմանալու սուսուփուս կատարում են։
Վերջին շրջանում ներիշխանական «խայթոցները», անուղղակի, անհասցե հնչող փոխադարձ մեղադրանքները խոսում են այն մասին, որ ՔՊ ներսում կան խորն անհամաձայնություններ, որոշ դեպքերում անգամ, էական հակակրանքներ, և բազմաթիվ հայտնի դեմքեր միմյանց ուղղակի տանել չեն կարողանում։ Տեղին է ընդգծել, որ իշխանության ներկայացուցիչների լարվածությունն ու անհանգստությունը նկատելի է, անգամ, վիզուալ՝ նրանց շարժուձևից ու դեմքի արտահայտությունից, երբ նկատում ենք, թե ինչպես են ինքնամոռաց արդարանում և ուղիղ եթերում հայտարարում, թե՝ «ամեն ինչ ok է»։
Հիմա մի փոքր ավելի դետալային․ իշխանության ներսում առաջին էական տարաձայնությունների ալիքի «ստարտը» տրվեց Գրիգոր Մինասյանի հրաժարականի թեմայով, երբ քպ-ականներն իրենք նախաձեռնեցին նրան նախարարի պաշտոնից հեռացնելու հարցը, իսկ գործընթացը նախաձեռնած Արփի Դավոյանն ավելի ուշ «փորձեց» ստանձնել այդ պաշտոնը, սակայն թիմակիցները վերջինիս «քաշեցին»։ Հաջորդ ռաունդը Քյարամյան-Աղազարյան «դուելն» էր, որն ակնհայտ դարձրեց, որ փաշինյանական թիմում առկա են խորքային ճաքեր, որոնց վերաբերյալ Փաշինյանը պետք է հետևություն անի։ Այս ընդհանուր խաղում առանցքային կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը, ում նկատմամբ ՔՊ «երիտասարդները»՝ հանձինս Սիսակ Գաբրիելյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Փամբուխչյանի, առանձնահատուկ վերաբերմունք ունեն և փորձում են խաղից հանել (մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին ՔՊ վարչության փակ նիստը բավական ծանր է անցել, հնչել են բաց խոսակցություններ, այս մասին ԱԺ ճեպազրույցում հաստատեց Հրաչ Հակոբյանը՝ նշելով, թե «մանրամասներ չի ներկայացնի»)։
Իր հերթին իր վերջին մի քանի հարցազրույցներում Անդրանիկ Քոչարյանն անուղղակի մեղադրանքներ էր հնչեցնում Ալեն Սիմոնյանի հասցեին․ մինչ այդ, մամուլը գրել էր, թե Սիմոնյանը ԱԺ հայտնի լսումների հետ կապված կոշտ խոսակցություն էր ունեցել Քոչարյանի հետ՝ կապված Աննա Վարդապետյանին՝ ԱԺ նախագահությունում նստեցնելու հետ, այն ժամանակ, երբ դահլիճում միմյանց կողքի նստած էին ՆԳՆ նախարան ու ԱԱԾ ղեկավարը։ Հավելենք, որ վերջին շրջանում Սիմոնյանի և Քոչարյանի միջև լարվածությունը վերաճել է ընդհարումների, որոնք, ըստ որոշ աղբյուրների, կապված են խմբակցության ներսում իշխանության համար պայքարի հետ։ Ըստ էության՝ այս ընդհարումները պայմանավորված են նաև Քոչարյանի և Սիմոնյանի միջև ամբիցիաներով և թիմի վրա վերահսկողության ձգտումներով։ Անդրանիկ Քոչարյանն իր գործունեությամբ հայտնի է թիմի ներսում ունեցած ազդեցությամբ, ինչը Սիմոնյանի համար հաճախ խոչընդոտներ է առաջացնում։ Թե՛ Սիմոնյանը, թե՛ Քոչարյանը ունեն հստակ ամբիցիաներ և ազդեցության ձգտումներ, ինչը դժվարացնում է համագործակցությունը։
Նշենք, որ որպես առանձին խաղացող իր առանձին գիծն է տանում և Փաշինյանի ասելիքը բարձրաձայնում, Արսեն Թորոսյանը, ով կոնկրետ աշխատում է ՆԳՆ թեմաների թիրախավորմամբ։ Թորոսյանը հաճախ է քննադատում իրավապահ համակարգի գործողությունները՝ կոչ անելով խուսափել որոշ վարքագծերից, որոնք, ըստ նրա, կարող են դիտվել որպես «վհուկների որս»։ Նրա կարծիքով՝ որոշակի քննություններ և իրավապահների գործողություններ սահմանը անցնում են և չափից դուրս խստապահանջ են։ ԱԺ-ում պետբյուջեի քննարկումների ժամանակ Թորոսյանի կողմից ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին տրված չափից շատ սուր հնչեցրած հարցապնդումներն ասվածի մասին են վկայում (պարեկների վատ աշխատանք, քարսիթների հարցը, մգեցված ապակիներ և այլն)։ Ի դեպ՝ Թորոսյանը Սարգսյանին հանդիմանեց նաև այն հարցում, որ վերջինիս վարորդն անգամ ամրագոտի չի գցում։
Այս ընդհանուր թեմաների մեջ գոյություն ունի իշխանության մի թև ևս՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Այս «թևը» իրեն բավական հեռու է պահում տեղի ունեցող ինտրիգներից և ակնհայտ չեզոքություն դրսևորում (պապիկյանակաները չեն խառնվում ընթացիկ զարգացումներին՝ ո՛չ պառլամետնում, ո՛չ ՏԻՄ հատվածում որտեղ վերջիններս նկատելի շատ են)։ Հիմնականում սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Պապիկյանի թիմում հիմնականում ոչ պոպուլյար և ավելի պրիմիտիվ դեմքեր են, որոնք «շեֆի» հլու կամակատարներն են՝ ինքնագործունեությամբ չեն զբաղվում։
Ամփոփելով՝ հավելենք, որ վերը նշված ինտրիգները իշխանական բուրգին բնորոշ «ավանդույթ» են, երբ տարբեր հարցեր (հիմնականում ֆինանսական ու ազդեցության հետ կապված) չեն կարողանում կիսել, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրում են դասական բռնապետական վարչախմբին բնորոշ աշխատելաոճ և ոչ մի բանով հետ չեն մնում այդ կետերը կյանքի կոչելուց։
Հ․Գ․ Ի դեպ, չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանին Նիկոլ Փաշինյանը «ժերտվա» տա, որպեսզի բաց թողնի թիմի ներսում առկա «գոլորշին» և որոշակիորեն լարվածությունը թուլացնի (նախօրեին ԱԺ-ում լրագրողի հետ նրա դրսևորած վարքագիծը վկայում է այն մասին, որ Սիմոնյանի շուրջ ամպերը հնարավոր է խտանան)։
Արմեն Հովասափյան