Հունաստանը մտադիր է ՀՀ -ին փոխանցել ռուսական արտադրության զենք. մամուլ
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300 և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային պաշտպանության համար, և դրանք փոխարինել իսրայելական արտադրության համակարգերով։ Այս մասին հայտնում է հունական Enikos կայքը:
Ըստ տեղեկության՝ Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից դուրս բերել ռուսական զենքի համակարգերը և արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։ Ըստ պորտալի՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջադեմ փուլում է»։
Ինչպես նշվել է «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։ Ըստ առկա տեղեկատվության՝ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ ՝ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի այս երկրի սպառազինմանը, հավելել է հրատարակությունը։
Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանի հզորացումը ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Թուրքիայի: Ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի Թուրքիային, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանին: Ըստ աղբյուրի՝ Հունաստանը «չի պատրաստվում զենքի համակարգերը տրամադրել անվճար և առանց դրանք այլ համակարգերով փոխարինելու»։ Հոդվածում նշվում է, որ Գլխավոր շտաբը մերժում է Հունաստանում տեղակայված զենքի համակարգերը Ուկրաինային այլ համակարգերի դիմաց ուղարկելու հեռանկարը երկու պատճառով։ Նախ, փոխանակման համար մատչելի զենքի համակարգեր չկան, ինչպես դա եղավ գերմանական Marder 40 զրահափոխադրիչների դեպքում, որոնք փոխանցվեցին Հունաստան՝ խորհրդային արտադրության 40 BMP-1 BMP-1-ների դիմաց: Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել են արևմտյան տեխնոլոգիայի զենք, և ուկրաինացիներն այժմ ավելի մեծ նախապատվություն են տալիս ամերիկյան և եվրոպական զենքի համակարգերին, որոնց պահեստամասերի մատակարարման շղթա ունեն, քան ռուսական ծագման հին համակարգերին։ Հայաստան տեղափոխման հավակնորդ զինատեսակների համակարգերը հիմնականում հակաօդային են։ Մասնավորապես խոսքը S-300 հակաօդային պաշտպանության համակարգի մասին է, ինչպես նաև ցամաքային զորքերի ՀՕՊ համակարգերի՝ TOR-M1-ի և Osa-AKM-ի:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2024 թվականի փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Հունաստանից և այլ երկրներից հետամուտ լինել ռուսական զենքը երրորդ կողմերին փոխանցելու անհնարինության վերաբերյալ համաձայնությունների իրականացմանը։