26 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի երկրները ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը ԱՊՀ տարածքում՝ ստեղծելով լարվածության օջախներ․ Բորտնիկով

ՆԱՏՕ-ի երկրները ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը ԱՊՀ տարածքում՝ ստեղծելով լարվածության օջախներ․ Բորտնիկով

Արևմուտքի հետ սիրախաղն իր մեջ պարունակում է ազգային ինքնիշխանության համար վտանգ, մինչդեռ արևմտյան հետախուզական ծառայությունների դիվերսիոն գործունեությունն ընդլայնվում է հետխորհրդային տարածքում։ Այս մասին Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ քաղաքականության իրականացման շրջանակներում հետխորհրդային տարածքում ընդլայնվում է արևմտյան հետախուզական ծառայությունների, դիվանագիտական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների դիվերսիոն գործունեությունը»,- հայտարարել է նա։

Բորտնիկովի խոսքով՝ այս առումով՝ լուրջ մտահոգություն են առաջացնում ԱՊՀ երկրներում ազգայնական և այլատյաց տրամադրություններ բորբոքելու, ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու և միգրացիայի խնդիրը քաղաքականացնելու արևմտյան երկրների աճող ջանքերը։ Նա նաև հավելել է, որ աշխարհը գնում է դեպի գլոբալ Հարավի և Արևելքի երկրների մասնակցությամբ միջազգային անվտանգության նոր համակարգի ստեղծմանը, ինչին հակադրվում է հավաքական Արևմուտքը։ ՆԱՏՕ-ի երկրները ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը ԱՊՀ տարածքում՝ ստեղծելով լարվածության օջախներ և առաջարկելով իրենց ծառայությունները դրանց լուծման համար։

«Ցանկանում եմ նշել, որ ՆԱՏՕ-ի անդամները գործում են բազմիցս մշակված օրինաչափությամբ։ Ստեղծելով և սնուցելով լարվածության օջախներ՝ նրանք անմիջապես առաջարկում են իրավիճակի կարգավորման իրենց «ծառայությունները», առաջին հերթին՝ ռազմաբազաներիի բացման, խորհրդատուներ ուղարկելու, ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու և անվտանգության բլոկի անձնակազմի պատրաստման միջոցով»,- նշել է Բորտնիկովը։ Այսպիսով, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի անդամներն իրենց «հնարավորություն են տալիս ուղղակիորեն ազդել ԱՊՀ-ում և հարևան երկրներում հասարակական-քաղաքական գործընթացների վրա»։

ՌԴԱԴԾ տնօրենը կոչ է արել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների գործընկերներին համախմբել ջանքերը՝ պաշտպանելու Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում՝ ԲՐԻՔՍ-ի շահերը։

«Ցանկանում եմ նշել, որ մենք մշակել ենք միջգերատեսչական համագործակցության հարուստ պրակտիկա։ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում ստեղծված անվտանգության մեխանիզմները մեզ թույլ են տալիս արդյունավետորեն բացահայտել և ճնշել նոր մարտահրավերներն ու սպառնալիքները»,- նշել է նա։

ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունները, նշել է Բորտնիկովը, ունեն կարևոր խնդիր՝ կանխել ԱՊՀ-ում քաոսի սցենարի իրականացումը և դրա վերածումը էժան ռեսուրսային բազայի։ Նրա խոսքով՝ Համագործակցության երկրների անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերների և սպառնալիքների աճը թելադրում է ազգային հետախուզական ծառայությունների, այդ թվում՝ հետախուզության միջև գործընկերության հետագա ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Որպես հիմնական ուղղություններ նա նշել է «հակառակորդի դիվերսիոն ծրագրերի վերաբերյալ օպերատիվ նշանակալի տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև թշնամական նկրտումները չեզոքացնելու համատեղ միջոցառումների իրականացումը»։