Բրյուսելի ինքնախաբեությունը․ Ադրբեջանը չի վերաարտահանում ռուսական գազը ԵՄ, այլ ներմուծում է այն ներքին պահանջարկը բավարարելու համար
Եվրամիությունը շարունակում է վստահ լինել, որ COP29-ի հյուրընկալող Ադրբեջանը չի վերավաճառում ռուսական գազը ԵՄ-ին, գրել է POLITICO-ն։
«Հարավային գազային միջանցքը, որը մատակարարում է իրականացվում դեպի ԵՄ շուկաներ, կապված է միայն ադրբեջանական գազի հանքավայրերի հետ», – հայտարարել է Հանձնաժողովի էներգետիկ հարցերով խոսնակ Թիմ Մաքֆին՝ պատասխանելով POLITICO-ի հարցին։ «Այսպիսով, Հարավային գազային միջանցքը ռուսական գազը չի տեղափոխում ԵՄ», – ընգդծել է նա:
Թեև բնական գազի հոսքերի վերաբերյալ հավաստի թվերը բացակայում են, Chatham House-ի հունիսին կատարած վերլուծության մեջ նշվել է, որ «ռուսական գազը լվացվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ բավարարելու շարունակական բարձր եվրոպական պահանջները»: Նախագահ Ալիևն ավելի վաղ քննադատել էր այն պնդումները, թե Ադրբեջանը ռուսական գազը վերաարտահանում է ԵՄ՝ կոչելով դրանք «կեղծ լուրեր»:
Հանձնաժողովը չի բացառել մտահոգությունները, որ Ադրբեջանը փոխհատուցում է իր գազի արտահանումը ԵՄ՝ ներմուծելով ավելի շատ ռուսական գազ՝ ներքին պահանջարկը բավարարելու համար, ինչը, հնարավոր է, օգուտ է բերում Մոսկվային:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ գազի մատակարարումների շուրջ 7 տոկոսը ներկրվել է Ադրբեջանից։ Երկիրը մինչ այժմ վաճառել է շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ Եվրոպայօն: Ըստ Մաքֆիի՝ «մեր ունեցած տեղեկություններն այն են, որ Ադրբեջանը վերջին երկու տարում իր ներքին սպառման համար տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծել Ռուսաստանից»:
Եվրախորհրդարանի հոկտեմբերին ընդունված բանաձևը կոչ էր անում Հանձնաժողովին վերանայել իր էներգետիկ կապերը Բաքվի հետ՝ կապված «մարդու իրավունքների շարունակական ոտնահարման և այն մտավախության հետ, որ Ադրբեջանից դեպի ԵՄ գազի ներմուծման ավելացումը կարող է փոխհատուցվել Բաքվի կողմից ռուսական գազի ներկրմամբ»:
Ադրբեջանը բանաձևի առնչությամբ կանչել է երկրում ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ դաշինքին մեղադրելով «ԵՄ տարբեր կառույցների միջոցով Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ սկսելու» և «նրա ներքին գործերին միջամտելու մեջ»։