Փաշինյանը մտափոխվե՞լ է խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ․ Ինչի՞ց է վախենում Հայաստանի վարչապետը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց կթողնի այս շաբաթ ՀԱՊԿ գագաթնաժողովը, բայց միևնույն ժամանակ խոստանում է չօգտվել վետոյի իրավունքից և չխանգարել դաշնակիցներին գագաթնաժողովում փաստաթղթերի ստորագրմանը։
Այսպիսով՝ նա շարունակում է նստել երկու աթոռի վրա․ բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքը, միևնույն ժամանակ՝ դադարեցրել է իր դաշնակիցներին նյարդայնացնել կազմակերպությունը լքելու սպառնալիքներով, գրել է News.ru-ն։
Երևանը ձգտում է քաղաքականապես հեռանալ Ռուսաստանից, և դա ակնհայտ է ամեն ինչում, կարծում է անկախ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։
«Փաշինյանն ուզում է նույնիսկ մեր զենքը գնել ոչ թե մեզնից, այլ Հնդկաստանով կամ Հունաստանով. ոչ մի նոր բան։ Սա վաղուց է նրա սկզբունքային դիրքորոշումը։ Նույնիսկ տնտեսությանն առնչվող հարցերը՝ որտեղի՞ց և ինչքա՞ն գնել, ավելի թա՞նկ, թե՞ էժան, այլևս դեր չեն խաղում»,- NEWS.ru-ին պարզաբանել է Խրամչիխինը։
ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի աշխատակից Վադիմ Կոզյուլինը նշել է, որ վերջին ամիսներին Երևանը դադարեցրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքները։ Նա չի բացառել, որ Փաշինյանի պահվածքի վրա ազդել է հարևան Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ձևավորվող շրջադարձը, որով անցնում է Հայաստանի և Եվրամիության միջև միակ ցամաքային ճանապարհը։
«Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների որոշակի ջերմացումը կարող է ազդել թե՛ Փաշինյանի հռետորաբանության և թե՛ գործողությունների վրա։ Չնայած իր ողջ «հակառուսականությանը»՝ նա դեռևս պրագմատիկ քաղաքական գործիչ է: Նա պետք է հաշվի առնի, որ Հայաստանն աշխարհագրորեն հեռու է Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից, բայց Ռուսաստանն ու Վրաստանը մոտ են։ Իհարկե, սա չէ Փաշինյանի հիմնական մոտիվացիան, սակայն նա որոշ չափով հաշվի է առնում ռուս-վրացական հարաբերությունների նոր միտումը»,- նշել է Կոզյուլինը։