Աշխատանքից ազատված վարորդները նորից կընդունվեն աշխատանքի, թե ոչ՝ առանձին դեպքերը քննելուց հետո քաղաքապետարանը կորոշի
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հերքում է լուրերն այն մասին, թե աշխատանքից ազատված վարորդները վաղը կարող են դիմում գրել ու վերադառնալ աշխատանքի։
«Աշխատանքից ազատված վարորդները կարող են դիմում գրել, բայց նորից կընդունվեն աշխատանքի, թե ոչ՝ առանձին-առանձին դեպքերը քննարկելուց հետո քաղաքապետարանը կորոշի»,- ABC media-ի հետ զրույցում ասաց Կոստանյանը։
Նա նշեց, որ վաղը այդ վարորդներից ոչ ոք երթուղի դուրս չի գալու։
Քիչ առաջ մեզ հետ զրույցում հասարակական գործիչ Արթուր Չախոյանը նշեց, որ խոսել է ազատված մի քանի վարորդի հետ, որոնք տեղյակ չեն կատարվողից։
«Ասացին՝ դիմում գրելու վերաբերյալ քննարկում իրենց հետ չի եղել»,- փոխանցեց Չախոյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ի առավոտը հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են հայտարարել՝ աշխատավարձը բարձրացնելու և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով։ Գործադուլից ժամեր անց քաղաքապետարանը հայտնեց 35 վարորդի՝ աշխատանքից ազատման մասին։ Փոխքաղաքապես Սուրեն Գրիգորյանն էլ վարորդների նկատմամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը։
ABCmedia-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը նշել էր՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված հաղորդմանը ընթացք է տրվել։