Սիրիայում թուրքական հաղթանակը Բաքվին կարող է ռազմական արկածախնդրության տանել Սյունիքում, եթե զինյալների գործողությունները Սիրիայով չավարտվեն․ Աբրահամ Գասպարյան
Սիրիայի գրավման հիմնական գործողությունները տեղի ունեցան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Ինչպե՞ս ստացվեց, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այդ պետությունն ընկավ․ պատասխանը շատ պարզ է՝ բանակը հյուծվել էր, բանակ գոյություն չուներ՝ «Հեզբոլլահի» նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությամբ պաjմանավորված. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
«Սա նաև հակաիրանյան քաղաքականության հետևանք է։ Լիբանանում շիական ռազմաքաղաքական էլիտայի ոչնչացումը ևս անմիջականորեն ազդեց Սիրիայում մարտերի ընթացքի և ճակատագրի վրա։ Իրականում իրանական-շիական զինյալ խմբավորումներն էին՝ «Հեզբոլլահի» գլխավորությամբ, որ դաշտային պայմաններում իրավիճակի տերերն էին, կարողանում էին Ասադի անվտանգությունն ապահովել»,- ասել է Գասպարյանը։
Նրա խոսքով՝ այստեղ քաղաքական որոշումների ընդունման գլխավոր ուժը հենց Թեհրանն էր։ Թեհրանի դերակատարումը դոմինոյի քարերի էֆեկտով նվազում է․ սկսվեց Լիբանանից, անցնում է Սիրիայով։ Հաջորդը, քաղաքագետի խոսքով, Իրաքն է լինելու։ Գասպարյանը կարծում է՝ կա՛մ կլինի կոնսենսուս՝ քաղաքական և ռազմական շիիզմի կենտրոնացում հենց Իրաքում, որով էլ կհայտարարվի իրանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկ/ժամանակավոր հրադադար, կա՛մ հաջորդը լինելու է Իրաքը։
«Եթե երկրորդ տարբերակով շարունակվի ընթացքը, հիմնական մտավախությունը կլինի այն, որ գիծը կհասնի Հարավային Կովկաս։ Դրանից կօգտվի Ադրբեջանը․ Սիրիայում թուրքական ժամանակավոր հաղթանակով արբեցած՝ Բաքուն կարող է Սյունիքում ռազմական արկածախնդրության դիմել»,- ասել է Գասպարյանը։
Խոսելով սիրիահայ համայնքի անվտանգության մասին՝ Աբրահամ Գասպարյանը նշել է, որ անկախ երկրի Կառավարությունից` հայերը կարող են ինքնակազմակերպվել ու ապրել այնտեղ։ Սակայն դեպի Հայաստան ներգաղթյալների մեծ հոսքը սպասելի է։ Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը ծանր է, բայց Հայոց եկեղեցին ու Հայաստան պետությունը մեծ անելիք ունեն այստեղ, նշեց քաղաքագետը։
«Պետք է նրանց հրավիրել հայրենիք՝ գոնե ժամանակավոր կացարանի համար։ Նրանք աջակցության կարիք ունեն»,-ասել է նա։
Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին Աբրահամ Գասպարյանի ամբողջական վերլուծությունը՝ տեսանյութում։