26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր են Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն՝ ըստ Politico-ի

Ովքե՞ր են Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն՝ ըստ Politico-ի

Ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, ով, ըստ Politico-ի, կազդի եվրոպական քաղաքականության վրա 2025 թվականին և ով միավորում է անվանակարգերի երեք կատեգորիաների որակներն՝ ակտիվություն, կանոնները խախտելու և համարձակ գաղափարներ առաջարկելու պատրաստակամություն, ճանաչվել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին:

«Մեկ տասնամյակից էլ քիչ ժամանակում աջակողմյանների կուսակցության առաջնորդն անցել է ուլտրաազգայնական էքսցենտրիկից մինչև վարչապետ և քաղաքական գործիչ ճանապարհը, որի հետ Բրյուսելը և Վաշինգտոնը կարող են գործեր վարել»,- նշել է հրատարակությունը։

«Քաղաքական գործիչներ» կատեգորիայում, որը ներառում է քաղաքական գործիչներ, ովքեր, ըստ հրապարակման, մոտ ապագայում իրենց գործունեությամբ կորոշեն եվրոպական քաղաքականությունը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զբաղեցրել է առաջին տեղը։ Այս անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, երրորդ տեղում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, իսկ ութերորդը՝ Եվրոպական խորհրդի նոր ղեկավար Անտոնիո Կոշտան։

Համակարգը վիճարկող «խախտողների» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից Գերմանիայի գործող կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավոր մրցակից Ֆրիդրիխ Մերցը։ Նույն կատեգորիայում է նաև Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։

«Երազողների» կատեգորիան, որն առաջարկում է համարձակ նոր գաղափարներ, գլխավորել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Այս կատեգորիայում է ներառվել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Հրատարակությունը պարզաբանել է, որ նախորդ տարիներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մրցել են ազդեցիկ քաղաքական գործիչների ցուցակների առաջին տեղերի համար։ «Ո՛չ Էմանուել Մակրոնը, ո՛չ Օլաֆ Շոլցն այս տարի ցուցակում չեն հայտնվել: Նրանց ազդեցությունը թուլացել է, և այժմ բեմ են բարձրանում այլ առաջնորդներ՝ հաճախ անսպասելի կողմերից», – խոստովանել է Politico-ն: