ՀՀ-ի ղեկավարությունը ցանկանում է նստել միանգամից մի քանի աթոռների վրա և հարթել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Известия
Հայաստանի խորհրդարանը պատրաստ է քննարկել Եվրամիությանը (ԵՄ) միանալու օրինագիծը, սակայն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ինչը էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, կարծում են Известия-ի հետ զրուցած փորձագետները։
Այդուհանդերձ, Երևանը մտադիր չէ կորցնել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչի վկայությունն է երկրի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը ՌԴ մայրաքաղաք։
Միևնույն ժամանակ՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է ավելի քան 9 մլրդ դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր հարված կհասցնի հանրապետության տնտեսությանը, նշել է Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
«Ավելին, Հայաստանը ստիպված է լինելու դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ առանց ԵՄ-ին անդամակցելու երաշխիքների կամ ժամկետների։ Իսկ թե ինչպես է նա նախատեսում այս ճանապարհով անցնել անհայտ թվով տարիներ, ես չգիտեմ, և կարծում եմ, որ հանրապետությունում նույնպես դա ոչ ոք չգիտի»,- պարզաբանել է փորձագետը։
Ըստ նրա՝ Հայաստանը պարզապես շանս չունի ԵՄ անդամ դառնալու՝ առնվազն այն պատճառով, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան արդեն ունեն թեկնածուի կարգավիճակ։ Դժվար թե, Հայաստանը, որը դեռ նման կարգավիճակ չի ստացել, կարող է հույս դնել միությանն անդամակցելու՝ մինչ Թբիլիսիի, Կիևի և Քիշնևի հետ կապված խնդիրները չլուծվեն։ Կովկասյան հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը համարում է, որ, հաշվի առնելով Հայաստանի բոլոր արևմտամետ գործողությունները, Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման միտումը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կխորանա:
«Սակայն առայժմ տեսնում ենք Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ նստել միանգամից մի քանի աթոռների վրա, և հունվարի 21-ին Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հաստատում է, որ Հայաստանը փորձում է հարթել երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած տհաճ պահերը»,- նշել է փորձագետը: