Թրամփը բարձր մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների, ինչպես նաև 10 տոկոս` Չինաստանից ներկրվող ապրանքների համար:
Սպիտակ տանը պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է անօրինական միգրանտներից բխող սպառնալիքի և թմրանյութերի մաքսանենգության պատճառով:
ԱՄՆ նախագահի աշխատակազմում նշել են, որ դա «ազգային շահերը պաշտպանելու հզոր գործիք է»:
Սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին: Ընդ որում, պատասխան միջոցառումների դեպքում համապատասխան փաստաթուղթը նախատեսում է այդ ցուցանիշները բարձրացնելու հնարավորություն։
Իսկ պատասխան միջոցառումներն արդեն հայտարարվել են։ ՉԺՀ-ի առևտրի նախարարությունում հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործողությունների՝ Չինաստանը հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն և համապատասխան հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքների և շահերի վճռական պաշտպանության համար:
Հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնի կողմից սակագների միակողմանի սահմանումը խախտում է ԱՀԿ-ի կանոնները և վնասում է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը:
Պեկինում Վաշինգտոնին կոչ են արել ուղղել սխալը և «շարժվել Չինաստանին ընդառաջ»։
Մաքսատուրքերի սահմանմանը պատասխանելու մասին հայտարարել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ Օտտավան դիտարկում է Վաշինգտոնի դեմ ոչ սակագնային հակաքայլերը, այդ թվում՝ ծայրահեղ կարևորության հանքանյութերի և էներգետիկայի ոլորտում:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն իր հերթին հանձնարարել է գործի դնել «սակագնային և ոչ սակագնային միջոցները»՝ երկրի շահերը պաշտպանելու համար: Նա հերքել է Սպիտակ տան հայտարարությունները հանցավոր կազմակերպությունների հետ Մեխիկոյի կապերի մասին, ինչպես նաև դատապարտել է Մեքսիկայի տարածք հնարավոր ներխուժումը: