ԶՊՄԿ տնօրինության և գործադուլավորների միջև այսօրվա բանակցություններն անարդյունք են ավարտվել
Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «ընդվզումը կշարունակվի այնքան, մինչև խնդիրը լուծվի»։
Մխիթարյանը նաև պարզաբանել էր՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով. – «Մեր առաջարկը այդքան էլ չի տարբերվում իրենցից, ուղղակի մի փոքր ավելի ուրիշ տեղաբաշխումներ է ենթադրում, ավելի սոցիալական արդարության կողմից է, էլի: Եվ այդ 50 տոկոսը կարող ենք մենք վերածել դրամի, որը որ ենթադրում է մոտավորապես 120-150 հազար դրամ»:
«Հուսով ենք, որ լավ կլինի, էլի: Մենք ուզում ենք, որ էս հիմնարկը աշխատի, մենք էլ գնանք աշխատանքի, բայց մենք նեղվում ենք մեր աշխատավարձից: Մենք չենք նեղվում, էստեղ ինչքան պետք լինի, մնալու ենք, ամիսներով էլ պետք լինի, մնալու ենք, էնքան որ մեր պահանջը կատարեն, մեր արդարացի պահանջը կատարեն», – ասաց գործադուլավորներից մեկը: – «Էստեղ ոչ մեկը հենց էնպես չի հավաքվել, մարդիկ բոլորն էլ գիտակցում են: Թող էսօր իրանք որ ասում են՝ «ձեր աշխատավարձը բարձր ա», բա իրանց աշխատավարձե՞րը ինչքան ա, որ տաքուկ կաբինետներում նստած են, մեզանից մի 40-50 անգամ ավել փող են ստանում, բա դա արդարացի ա՞: Մարդիկ էլ փոշիների, մեքենաների մեջ ռիսկավատներ են անում»: