![Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի թիմում է՝ ընդդեմ ՌԴ-ի․ EADaily Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի թիմում է՝ ընդդեմ ՌԴ-ի․ EADaily](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/7403aa92bc4faf7999112016d74cc.jpeg)
Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի թիմում է՝ ընդդեմ ՌԴ-ի․ EADaily
Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար տհաճ պահերից մեկը եղել է Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է հարցը ներկայացնել այնպես, թե պաշտոնական Բաքուն ինքնուրույն է ընդունել Մոսկվայի հետ հարաբերությունները փոխելու որոշումը, ինչը կարելի է հերքել փաստերի օգնությամբ, գրում է EADaily-ին։
Պետք է սկսել հունվարի 22-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամիի հեռախոսազրույցներից։ Այս պարագայում՝ կարևորն այն է, որ քննարկվել է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Բաքվի հետ Լոնդոնի բազմապրոֆիլ համագործակցությունն, այլև՝ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վատթարացման պաշտոնական պատճառը՝ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումը դեկտեմբերի 25-ին։
Լամին ոչ միայն իր ցավակցությունն է հայտնել, այլև հայտարարել է Բրիտանիայի պատրաստակամության մասին՝ աջակցելու ողբերգության պատճառների հետաքննությանը։ Տարօրինակ զուգադիպությամբ այս բանակցություններից հետո երեք տնտեսական իրադարձություն է տեղի ունեցել։ Հունվարի 29-ին հայտարարվել է, որ նշանակվել է Մեծ Բրիտանիայի առևտրային նոր բանագնաց՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով Ջոն Օլդերդեյսը։ Փետրվարի 6-ին Բաքվում կայացած համաժողովի ժամանակ բրիտանական նավթագազային ընկերության՝ BP-ի ներկայացուցիչ Ռասել Մորիսը հայտարարել է․ «Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել նախագծերը Կասպից ծովում՝ պահպանելով աշխատանքի բարձր տեմպը։ Ներկայումս Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկում նկատվում է արտադրության բնական անկում, մինչդեռ Շահ Դենիզի հզորությունները օգտագործվում են իրենց ողջ ներուժով: Մենք նաև նախատեսում ենք սկսել նոր նախագծեր, որոնք թույլ կտան ընդլայնել ներդրումային հնարավորություններն Ադրբեջանի կասպյան տարածաշրջանում»:
Ի վերջո, փետրվարի 7-ին հայտնի է դարձել Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի փորձագիտական խմբերի Լոնդոն գործուղման մասին։ Այս այցի ընթացքում անդրկովկասյան երկրի պատվիրակները բանակցություններ են վարել Անգլիայի Բանկի հետ։ Ինչպես նկատել է կայքը՝ փետրվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական արշավը սկսել է ազդել տնտեսական ոլորտի վրա։ Անդրկովկասյան երկրի ԶԼՄ-ները, կարծես թե, սկսեցին պնդել, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Ադրբեջանի ապրանքաշրջանառության 10%-ը, իսկ ռուսական արտահանումը, իբր, կազմում է 75%-ը։ Այստեղից եզրակացություն է արվում, որ իբր Ռուսաստանն ավելի շատ է տուժելու տնտեսական համագործակցության դեգրադացիայից, քան Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ, երբեմն զգացվում է, որ Ադրբեջանը, կամա թե ակամա, որոշել է խաղալ Ռուսաստանի թշնամիների հետ տնտեսական ոլորտում։ Հենց Մեծ Բրիտանիայի հովանավորության ու միջնորդության շնորհիվ է, որ Արևմուտքը պատժամիջոցներ չի սահմանում Ադրբեջանի դեմ։ Եվ հենց բրիտանացիներն են, որ անհրաժեշտության դեպքում բանակցում են ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, երբ Բաքուն կարող է թյուրիմացություններ ունենալ Վաշինգտոնի և Բրյուսելի հետ։ Փետրվարի 6 – ին ադրբեջանական ՀԿ – ները նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահին՝ նշելով․ «․․․սա խոսում է այն մասին, որ երրորդ կողմի միջոցով, ինչպիսին Հայաստանն է, Ռուսաստանը ապրանքներ է ստանում, որոնք կարող են աջակցել Ուկրաինայում նրա ռազմական ջանքերին՝ խուսափելով պատժամիջոցներից: Պատժամիջոցներից խուսափելու հարցում Հայաստանի աճող դերը մատնանշում է էական բացը, որը խաթարում է այդ պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա»։ Նամակի հեղինակները նաև կոչ են արել ոչ միայն ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի արտահանման և ներմուծման նկատմամբ, այլ նաև ձեռնարկել այլ միջոցներ։ «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության միասնական և վճռական դիրքորոշումը վճռորոշ է Հայաստանի գործողությունները կասեցնելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունն ամրապնդելու համար», – նշվել է նամակում։ Հոդվածում առաջ է քաշվում ենթադրություն, թե հնարավոր է, որ ադրբեջանական ՀԿ-ների հակառուսական պախարակումը հավանություն է ստացել Մեծ Բրիտանիայի կողմից, որը հսկայական ազդեցություն ունի անդրկովկասյան երկրում և ամեն ինչ անում է Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումը շարունակելու համար։
Բնականաբար, Ադրբեջանն աստիճանաբար միանալով Ռուսաստանի թշնամիներին, չէր կարող անցնել Ուկրաինայի կողքով։ Փետրվարի 5-ին Ալիևը հրաման է ստորագրել, որով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը 1 մլն դոլար օգնություն է հատկացնում Ուկրաինային։ Բնականաբար, Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների և ադրբեջանական ՀԿ-ների կողմից արևմտյան պատժամիջոցների խստացման կոչերի պախարակման ֆոնին սա բացահայտ թշնամական քայլ էր թվում Ռուսաստանի հանդեպ։ Սակայն շատ ավելի թշնամական քայլ էր փետրվարի 4-ին Սումիում Ադրբեջանի պատվավոր հյուպատոս Աֆղան Սալմանովի և Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխի հանդիպումը։
Այս հանդիպման ժամանակ Սալմանովը հայտարարել է. «2022 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցերին, Ուկրաինային խորհուրդ տվեց՝ մասնավորապես ասելով. «Երբեք մի համակերպվեք ձեր հողերի օկուպացիայի հետ»: Պարոն նախագահը միշտ կարևորում է համառությունը, ուժն ու վճռականությունը ազգային շահերը պաշտպանելու գործում»։ Ընդհանրապես, Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը համահունչ է Մեծ Բրիտանիայի շահերին, որը ուկրաինական զինված ուժերի ծախսերի բեռը եվրոպական երկրների վրա տեղափոխելու թրամփիստների ցանկության ֆոնին ամեն ինչ անում է ռազմական գործողությունները շարունակելու համար։