
Կարելի է ենթադրել, որ ԶՊՄԿ-ի գործադուլի մասով որոշակի ուղղորդում կար. Ռոբերտ Քոչարյան
Կարելի է ենթադրել, որ որոշակի ուղղորդում կար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի մասով. ABC media-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հնարավոր է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ սեփականատերը վաճառի իր բիզնեսը մեկ ուրիշին։ Ինչքան հասկանում եմ՝ քաղաքական դաշտում հայտնվեցին մարդիկ, ովքեր ասում էին՝ արևմտյան գնորդ կա։ Կարելի է ենթադրել, որ այդպիսի միջամտություն եղել է»,-նշեց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ԶՊՄԿ-ում պետությունն արդեն բաժնետեր է:
«Այդ «փայ մտնելու» մոտեցումը ամենամեծ հարվածն է ներդրումային մթնոլորտի համար։ Ասում են՝ մենք հո չե՞նք վերցրել, պետության մասն է։ Բայց դու դա այնպես ես անում, որ բոլորը հասկանում են, թե սա պետության ռեկետ է, պետությանը փայ տուր։ Այս ամենն անում են ազդեցության լծակներ ունենալու համար։ Օրինակ՝ նման կարգի ենթակառուցվածքային նշանակություն ունեցող, այս դեպքում կոմբինատն այդպիսի նշանակություն ունի Սյունիքում, մտնում են և սկսվում է։ Ներսում Կառավարությունն ունի ներկայացուցիչ, ոչ ոք չի ուզում Կառավարության հետ հարաբերություններ փչացնել և սկսվում է հետևալը՝ բենզինը սրանից պիտի գնես, ապահովագրությունը սրա հետ պետք է պայմանավորվես։ Սկսում են ազդել, կարող է 5 հատ նման միջամտությունից 2-3-ն աշխատի։ Սա ուղիղ կոռուպցիայի բույն է, հետաքրքրվեք պաշտոնական թվերով՝ օտարերկրյա ներդրումները իրական տնտեսության մեջ ինչպիսինն է ՀՀ-ում։ Կտեսնեք, որ համարյա չկա, պատճառներից մեկն էլ դա է։ Առաջինը դատական համարկարգի այսօրվա անմխիթար վիճակն է, մյուսը՝ այդ կարգի ներազդեցությունը ընկերությունների գործունեության վրա»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ըստ Քոչարյանի՝ եթե վաղը Ուկրաինայում պատերազմը կանգնի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանվեն, կտրուկ անկում է լինելու, որի հետևանքները շատ ծանր են լինելու։
«Թվերը նայեք. միայն ոսկու արտահանումը Հայաստանից դուրս ի՞նչ կարգի շեղում է մտցրել վիճակագրական թվերի վրա։ Թվում էր, թե արտահանումն ու ներմուծումն աճեց, բայց սաղ փուչիկ էր։ Ընդամենը մեկ որոշմամբ ՌԴ-ում օրենսդրությունը փոխվեց, իմ իմանալով իրենք ոսկու արտահանման վրա որոշակի հարկ ունեին, և ավելի ձեռնտու էր Հայաստանով այդ ոսկին արտահանել Դուբայ և Հոն Կոնգ, հիմա դա հանեցին։ Արդյունաբերություն էր համարվում, ոսկին բերում էին այստեղ, մի տուփից մեկ այլ տուփ էին տեղափոխում, սա ուղղակի մեր արդյունաբերության թվերը փուչիկի պես փչեց, և այսպիսի երևույթներ շատ են լինելու։ Ես կասկածում եմ, որ այս Կառավարությունը փորձում է այս ամենը գնահատել։ Ամենից կայունը տնտեսության համար ուղղակի օտարերկրյա ներդրումներն են տնտեսության հիմնական մասի մեջ։ Դա չկա հիմա»,-եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։