17 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն և Իրանը կշարունակեն աշխատանքն «անօրինական սահմանափակումների բացասական ազդեցությունը» նվազեցնելու համար

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն աշխատանքն «անօրինական սահմանափակումների բացասական ազդեցությունը» նվազեցնելու համար

Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրը դրական դինամիկա է ցույց տալիս, և այդ միտումը պետք է շարունակվի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ակնկալում ենք, որ շատ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական համայնքի անդամների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագիրը։ Իհարկե, դա կխթանի իրանցի հարևանների հետ ապրանքաշրջանառությունը: Չնայած պատժամիջոցների անօրինական սահմանափակումներին՝ մեր երկրների միջև առևտուրը դրական դինամիկա է դրսևորում։ Անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 13%-ով, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ միտումը կշարունակվի»,- նշել է Լավրովն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո։

Նա հավելել է, որ կողմերը նշել են միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառման անընդունելիությունը և, այս առումով, կշարունակեն նպատակային աշխատանքը՝ նվազագույնի հասցնելու այդ «անօրինական սահմանափակումների բացասական ազդեցությունը Ռուսաստանի և Իրանի տնտեսությունների վրա»։

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայում ներքաղաքական իրավիճակը մնում է անկայուն, և երկրի որոշ շրջաններ դեպի անջատողականություն մղելը չափազանց վտանգավոր և անընդունելի է։ Լավրովը հայտնել է նաև, որ իրանական կողմին տեղեկացրել է Էր Ռիադում Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հետ շփումների մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին նշել է, որ ԻԻՀ-ն չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորություն, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է խոսել սպառնալիքների և ճնշումների լեզվով։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։

 

Ռազմագերիներ