26 Փտր
2025
1.3° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չկա Հայաստանի կամ Սփյուռքի Դաշնակցություն, կա մեկ ՀՅԴ. Գասպար Կարապետյան

Չկա Հայաստանի կամ Սփյուռքի Դաշնակցություն, կա մեկ ՀՅԴ. Գասպար Կարապետյան

Վերջին շրջանում Եվրոպայի հայերի համար մտահոգիչ է վարչապետի փակ հանդիպումները եվրոպական երկրներում. ՀՅԴ Ընդհանուր ժողովի մեկնարկին ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Նա նշել է՝ իրենց համար զարմանալի է, որ նման հանդիպումների մասնակիցների ձեռքից վերցնում են հեռախոսները, անգամ՝ ժամացույցներն ու գրիչները, որ ոչինչ արձանագրել չկարողանան:

«Սա անհասկանալի է հատկապես ժողովրդավարական երկրների համար, մանավանդ մի երկրի, որն օրենք է ընդունել ԵՄ անդամ դառնալու գործընթաց սկսելու համար: Մտահոգիչն այս երևույթն է, որ տեսնում և զգում են նաև եվրոպացիները, թեև, գուցե քաղաքական պատճառներով, չեն ասում»,-ասել է նա:

Կարապետյանի խոսքով՝ իրենց համար մտահոգիչ են Փաշինյանի հայտարարությունները Ցեղասպանության, կամ, ինչպես ինքն է ասում, դաշնակցական գաղափարախոսության ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին:

«Չկա Հայաստանի Դաշնակցություն, չկա Սփյուռքի Դաշնակցություն. կա մեկ Դաշնակցություն: Սա խոսույթ է, որ անցյալում էլ էին փորձում օգտագործել՝ ՀՅԴ֊ին պառակտելու համար. ասում էին՝ Սփյուռքի Դաշնակցությունը լավ է, Հայաստանինը վատ է: Կա մեկ Դաշնակցություն, որոշումները մեկն են, ինչ որոշում կայացնում է կուսակցությունը, պաշտպանում են նաև Սփյուռքի դաշնակցականները: Մեկ հարց հստակ է՝ գործելաձևի և գործելաոճի տարբերություն պետք է լինի, որովհետև Սփյուռքը նույն կերպ չի կարող պայքարել այնպես, ինչպես երկրիդ մեջ»,-ասել է նա: