
Եվրոպան կանգնած է ճգնաժամի և քաջություն պահանջող ռազմական որոշումների առաջ․ ԵՀ նախագահ
Եվրամիությունը կանգնած է անվտանգության ճգնաժամի առաջ: Գոյություն ունեցող համակարգը խորը ցնցում է ապրել, և Եվրոպան կանգնած է ռազմական որոշումների առջև, որոնք անհնարին էին թվում ընդամենը մի քանի շաբաթ առաջ․ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում։
Նրա խոսքով՝ «եկել է միասնական եվրոպական պաշտպանության ժամանակը» և մարտի 6-ին ԵՄ արտակարգ գագաթնաժողովում կոնսենսուս է եղել ռազմական լուծումների շուրջ, «որն անհնարին էր թվում ընդամենը մի քանի շաբաթ առաջ»։
Ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է եվրոպացիներին, որ առաջիկա շաբաթների ընթացքում նրանցից «քաջություն» և «դժվար որոշումների կայացում» կպահանջվեն՝ սպառազինությունների մրցավազքում բեկում մտցնելու համար։ Նրա կարծիքով՝ դա «անհրաժեշտ է Ռուսաստանի ռազմական զսպման համար»։
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ Եվրահանձնաժողովի՝ առաջարկած 800 միլիարդ եվրոյի պլանի շրջանակում ռազմական ներդրումների մեծ մասը պետք է գտնեն ԵՄ երկրներն իրենց բյուջեներից և ինքնուրույն վերցված վարկերից։