16 Ապր
2025
7° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կովկասն աշխարհաքաղաքական հավակնությունների խաչմերուկ է, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է․ Report Difesa-ն՝ Բաքվի և Փարիզի սառը պատերազմի մասին

Կովկասն աշխարհաքաղաքական հավակնությունների խաչմերուկ է, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է․ Report Difesa-ն՝ Բաքվի և Փարիզի սառը պատերազմի մասին

Բաքվում վերաբացվում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի  Մարտին Ռայանի գործը, որն անորոշ վիճակում է պահում ոչ միայն մարդու ճակատագիրը, այլև՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև փխրուն հարաբերությունները, որոնք լի են միմյանց նկատմամբ աճող անվստահությամբ: Այս մասին գրել է աշխարհաքաղաքականության և ազգային ու միջազգային անվտանգության ուղղվածության իտալական Report Difesa օրաթերթը։

Ինչպես նշվել է, 2023-ի վերջին ձերբակալված Մարտին Ռայանը կրկին կանգնելու է ադրբեջանցի դատավորների առջև։ Սա դատավարություն է, որն ավելին է, քան դատական գործը․ այն կարծես դիվանագիտական մարտադաշտ լինի:

Ռայանին առաջադրված մեղադրանքները, որոնք երբեք հրապարակայնորեն ամբողջությամբ չեն պարզաբանվել, ներառում են լրտեսություն կամ ազգային շահերին հակասող գործունեություն։ Դրանք ավելի լայն առճակատման պատրվակ են, որտեղ Ֆրանսիան և Ադրբեջանը միմյանց մարտահրավեր են նետում դատարաններով, մամուլի հաղորդագրություններով և փոխադարձ մեղադրանքներով:

Գործարարն ակամայից դարձել է ճգնաժամի խորհրդանիշ, որը արմատավորված է տարիների լարվածության մեջ:

Օրաթերթն ընդգծել է, որ ԼՂ հարցում Հայաստանի աջակից Ֆրանսիան վաղուց է Բաքվի տեսադաշտում, որը չի մարսել Փարիզի դիվանագիտական ու ռազմական աջակցությունը Երևանին։ Ադրբեջանն, իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա աջակիցների կողմից մեղադրվում է Ֆրանսիայի գործերին միջամտության մեջ։ Խոսքը հատկապես Նոր Կալեդոնիայի մասին է, որտեղ 2024 թվականին տեղի են ունեցել անկարգություններ։

«Հայելային այս խաղում Ռայանի գործը զենք է։ Բաքվի համար այն մկանները ճկելու և արևմտյան ամբարտավանությունը պատժելու միջոց է, իսկ Փարիզի համար՝ հնարավորություն՝ դատապարտելու Ալիևի ավտորիտարիզմը և պահանջելու իր քաղաքացիների պաշտպանությունը», – գրել է Report Difesa-ն։

Դատավարությունը վերսկսվում է ամիսներ տևած հետաձգումներից ու դռնփակ բանակցություններից հետո։ Գործին ծանոթ աղբյուրները խոսում են վճռորոշ լսումների մասին, սակայն արագ դատավճիռ ոչ ոք չի սպասում։ Ադրբեջանը, ըստ երևույթին, մտադիր է երկարաձգել գործը` օգտագործելով Ռայանին որպես խայծ ավելի լայն բանակցություններում:

Մինչդեռ Ֆրանսիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Բաքու մեկնելու ռիսկերի մասին՝ խոսելով «կամայական ձերբակալությունների» և «անարդար դատավարությունների» մասին։ Բաքուն վրդովմունքով է արձագանքել՝ ֆրանսիական մեղադրանքներն անվանելով «անհիմն» և Փարիզին մեղադրելով գաղութատիրական կեղծավորության մեջ։

«Դա բառերի պատերազմ է, որը թաքցնում է մի անհարմար ճշմարտություն. ոչ ոք չի ցանկանում զիջել, բայց ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ բացահայտ էսկալացիա: Մինչդեռ Մարտին Ռայանի ճակատագիրը մնում է անորոշ», – գրել է օրաթերթը՝ հավելելով, որ գործարարը մեկուսացված է Բաքվի բանտում և սահմանափակ շփում ունի իր փաստաբանների ու ընտանիքի հետ:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են մեղադրանքի լրջությունը, սակայն երբեք համոզիչ հրապարակային ապացույցներ չեն ներկայացրել: Մյուս կողմից՝ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty-ն և Human Rights Watch-ը, դատապարտոել են անթափանց գործընթացը, որտեղ արդարադատությունը, կարծես թե, ենթարկվում է քաղաքական շահերին:

Ինչպես նշվել է, Ռայանի երկքաղաքացիությունն ավելի է բարդացնում իրավիճակը։ Միացյալ Թագավորությունը, ավելի զգույշ, քան Ֆրանսիան, խնդրել է «հստակություն», բայց խուսափել է «չափազանց շատ  երևալուց», հավանաբար, Ադրբեջանի հետ իր էներգետիկ շահերի պատճառով։

«Եվ հետո կա ավելի լայն համատեքստ: Կովկասը` գազատարների և աշխարհաքաղաքական հավակնությունների խաչմերուկը, հանելուկ է, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է: Ադրբեջանը՝ իր գազով և Ղարաբաղի նկատմամբ նոր ինքնիշխանությամբ, իրեն զգում է ուժի դիրքում։ Մյուս կողմից՝ Ֆրանսիան խաղարկում է բարոյական խաղաքարտը, բայց գիտի, որ իր ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակ է առանց Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի աջակցության, որոնց երկուսի ուշադրությունն էլ շեղված է այլ ճգնաժամերով», – գրել է օրաթերթը։

Բաքվի դատարանը կարող է խորհրդանշական դատավճիռ կայացնել, կամ էլ հետաձգել՝ շարունակելով ճնշումը: Ֆրանսիան կարող է պատասխանել նպատակաուղղված պատժամիջոցներով կամ գործը ներկայացնելով միջազգային ատյաններ։ Բայց մի բան հստակ է՝ Մարտին Ռայանի ճակատագիրը միայն դատարանի դահլիճում չի որոշվելու։

Ռազմագերիներ