
ՔՊ-ն սրում է իրավիճակը՝ փախչելով օրինագծի քննարկումից․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
Միջադեպից առաջ մենք ներկայացրել էինք օրինագիծ՝ քրեականացնելով ցեղասպանության ժխտումը և նվաստացումը. մեկնաբանելով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը` լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ լարվածությունը հենց դրանով էր պայմանավորված։
Պատգամավորի խոսքով` հասարակական արձագանքը Ցեղասպանության թեմայով մեծ է, իսկ իշխանությունների կողմից իրավիճակի սրումը պայմանավորված է օրինագծի ներկայացմամբ: Նրա խոսքով` հերթական անգամ իրավիճակը սրում է Ազգային ժողովի նախագահը։
«Մենք ուզում ենք, որ այս նախագիծը մտնի խորհրդարան և դառնա քննարկման առարկա։ Իրենք փորձում են մոլորեցնել հանրությանը, նույնիսկ մեզ են մեղադրում ուրացման համար, մինչդեռ իրական ուրացումն իրենց մոտ է»,- նշել է Սաղաթելյանը։