
Ընդդեմ ռասիզմի և խտրականության Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի հանձնաժողովի կոչը՝ խոստովանե՛ք․ ներողություն խնդրե՛ք․ փոխհատուցե՛ք
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի հանձնաժողովն ընդդեմ ռասիզմի և խտրականության հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Ինչպես նշվել է, անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական։ Ժխտումն անվերջ է դարձնում ցեղասպանությունը, դահիճն արդարանում է, իսկ զոհը վերածվում է մեղադրյալի։ Թուրքիայում Ցեղասպանությունից և դրա ժխտումից հետո արյունն, արցունքներն ու տառապանքները չեն դադարել, քանի որ անպատժելիությունը շարունակվել է նոր հանցագործություններով, որոնք նույնպես անպատիժ են մնացել։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ցեղասպանության ժխտումը միայն «մենք չենք արել» ասելով չէ: Սա շատ ավելի վատ բան է: Այն ստիպում է զոհերի թոռներին ամեն օր վերապրել ցեղասպանությունն իրենց առօրյա կյանքում։ Ժխտումը հայերի նկատմամբ թշնամական, ռասիստական սերունդների դաստիարակությունն է, զոհերի հիշատակի անվերջ վիրավորանքը և նրանց ժառանգների վերքերի մշտական արյունահոսությունը։ Մենք՝ որպես ժխտողների ժառանգներ, նույնպես պատասխանատվություն ենք կրում և ապրում ենք ամոթի ծանր զգացումով։
Վերջին տարիներին շատացել են ցեղասպանության ճարտարապետների՝ Էնվերի, Թալեաթի, Ջեմալ փաշայի ու իթթիհաթի գաղափարախոսության գովասանքները։ Սա խթանում է խտրականությունը, դառնում է ընդունված, և նոր սերունդները շարունակում են դաստիարակվել այս ոգով: Մինչ Թուրքիայի հայերը ստիպված են ապրել ժխտողականության կրողների ու խոսափողների կողքին, աշխարհասփյուռ հայերն, իրենց պապենական հողերից հեռու, ստիպված են անընդհատ դիմանալ իրենց նախնիների հիշատակին ուղղված վիրավորանքներին։
Ցեղասպանությունը ոչ միայն զանգվածային սպանություն է և աներևակայելի բռնություն, այլ՝և լայնածավալ կողոպուտ։ Այս թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերից անթիվ անշարժ գույքի, արհեստանոցների, այգիների, դաշտերի, առանձնատների, տների, հիվանդանոցների, վանական համալիրների և եկեղեցական գույքի բռնագրավմամբ։ Այն նաև շոշափում է մի թեմա, որը հազվադեպ է քննարկվում և քիչ հայտնի՝ սպանված հայերի թանկարժեք իրեր պարունակող բանկային հաշիվների և պահարանների առգրավումը: Այս կողոպուտի արժեքը գնահատվում է 22 միլիոն դոլար՝ 1915թ-ի արժույթով։։
2005 թվականից սկսած ամեն տարի ապրիլի 24-ին մենք կրկնում ենք մեր պահանջները՝ դադարեցնել հերքումը, ընդունել մեղքը՝ իրավական բոլոր հետևանքներով։ Այդ դեպքում միայն գետերը նետված, ձորերը թափված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված հանգուցյալների հոգիները կգտնեն խաղաղություն: Այդ ժամանակ արդարությունը կհաղթի։ Հակառակ դեպքում ՝ցեղասպանության անեծքը չի վերանա այս հողերից։ Թուրքիան լավ օրեր չի տեսնի. Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, կրկնում ենք. Խոստովանե՛ք։ Ներողություն խնդրե՛ք։ Փոխհատուցե՛ք», – նշվել է հայտարարությունում։