
Ռազմական ծախսերը մեծացնելու ԵՄ ծրագիրը չի աշխատում. Euractiv
ԵՄ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերը մեծացնելու ծրագիրը դեռևս չի աշխատում, քանի որ ոչ մի երկիր դեռևս պատրաստ չէ գերազանցել բյուջետային դեֆիցիտի առավելագույն շեմը՝ ռազմական ծախսերը մեծացնելու համար.գրում է Euractiv պորտալը։
«Մինչ օրս ոչ մի անդամ պետություն չի ներկայացրել ԵՄ ֆինանսական կանոններից բացառության կետն ակտիվացնելու հարցում», – պորտալը մեջբերում է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցչի խոսքերը։
Այս մեխանիզմի շրջանակներում, ԵՄ-ը կարող է բացառիկ դեպքերում թույլտվություն տալ անդամ պետությանը ժամանակավորապես գերազանցել ԵՄ բյուջեի դեֆիցիտի առաստաղը՝ ռազմական կարիքների համար ՀՆԱ-ի լրացուցիչ 1.5%-ն ապահովելու համար։ ԵՄ կայունության և աճի պակտի համաձայն՝ ԵՄ երկրների թույլատրելի առավելագույն բյուջետային դեֆիցիտը նրանց ՀՆԱ-ի 3%-ն է, իսկ պետական պարտքի առավելագույն թույլատրելի չափը՝ ՀՆԱ-ի 60%-ը։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Պորտուգալիան պատրաստ է օգտվել այս հնարավորությունից, սակայն, ըստ Euractiv-ի, Լիսաբոնը դեռևս պաշտոնական հարցում չի արել։ Եվրոպացի պաշտոնյաների, դիվանագետների և փորձագետների կարծիքով՝ ԵՄ-ում այս մեխանիզմի նկատմամբ ոգևորության պակասի պատճառն այն է, որ, նախ, ԵՄ-ի առաջարկը դրա վերաբերյալ արվել է չափազանց ուշ՝ մարտ ամսին, երբ երկրների մեծ մասն արդեն կազմել էր տարվա իրենց բյուջետային ծրագրերը։ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանել է, որ երկրներին խորհուրդ է տրվում բացառությունների դիմումներ ներկայացնել մինչև ապրիլի 30-ը:
Այս հնարավորությունը կշարունակվի վերջնաժամկետից հետո, սակայն Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս այն պահպանել՝ «համակարգված մոտեցում» ապահովելու համար: Երկրորդ, մի քանի երկրներ՝ հատկապես Հյուսիսային Եվրոպայում, բյուջետային զիջումների կարիք չունեն պաշտպանական ծախսերը մեծացնելու համար, մինչդեռ մյուս երկրները՝ հիմնականում մայրցամաքի հարավում, արդեն գերազանցել են իրենց թույլատրելի բյուջետային դեֆիցիտը։ Ինչպես պորտալին բացատրել է Ժակ Դելոր կենտրոնի փոխտնօրեն Նիլս Ռեդեկերը, այս երկրների՝ ԵՄ ֆինանսական կանոններից բացառությունների վերաբերյալ դրույթը կիրառելու դժկամությունը «ցույց է տալիս, որ ծրագիրը չի գործում նախատեսվածի պես»։
«Այս երկրները բախվում են պարտքի կայունության իրական ռիսկերի և ունեն օրինական մտահոգություններ շուկայի արձագանքի վերաբերյալ՝ սահմանափակումներ, որոնք գործում են անկախ Եվրոպական հանձնաժողովի առաջարկներից», – նշել է նա։ Բացի այդ՝ ինչպես նշում է Euractiv-ը, կան մտահոգություններ, որ մեխանիզմը կարող է խաթարել վստահությունը ԵՄ հարկաբյուջետային կանոնների նկատմամբ, որոնք թարմացվել են միայն 2024 թվականին։