
ՀՀ-ում հարցվածների 36.4%-ը կարծում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաարդյունավետ միջոցը վաղաժամկետ ընտրություններն են․ Gallup International
Հայաստանի քաղաքացիների մեկ երրորդից ավելին չի հավատում հանրապետության Եվրամիությանը միանալու հնարավորությանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապատասխան նախաձեռնությունը 18%-ից ավելին անվանել է ընտրարշավ։ Այս մասին են վկայում Gallup International-ի կողմից ներկայացված ուսումնասիրության արդյունքները։
«Հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի ԵՄ անդամակցության հեռանկարներ մոտ ապագայում, հաշվի առնելով, որ երկրի խորհրդարանը մարտի 26-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը, հարցվածների 16.3%-ը պատասխանել է, որ «անպայման այո»՛։ Եվս 20.8%-ը նշել է, որ «ավելի շուտ այո՛», 12.1%-ը՝ «ո՛չ», 24.6%-ը՝ «միանշանակ ո՛չ», 7.6%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 18.5%-ը նշել է, որ այս օրենքը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տարր է», – հարցման արդյունքների ներկայացման ժամանակ ասել է Gallup International-ի հայկական գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հարցման համաձայն՝ հարցվածների 21%-ը դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությունը, 17%-ը՝ ավելի շուտ դրական, 14.2%-ը՝ ավելի շուտ բացասական, 30%-ը՝ բացասական, իսկ 17.9%-ը դժվարացել է պատասխանել։
Միաժամանակ, Հայաստանում հարցվածների 36.4%-ը կարծում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաարդյունավետ միջոցը վաղաժամկետ ընտրություններն են, 29.8%-ը՝ նրա հրաժարականը, 10.1%-ը՝ փողոցային շարժումները, 5%-ը՝ իմպիչմենտը, 3.1%-ը տվել է այլ պատասխան, 7.6%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 16.9%-ը նշել է, որ Փաշինյանը չպետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից։
Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների ավելի քան 60%-ը բացասաբար է գնահատում հայ-ադրբեջանական խաղաղության բանակցային գործընթացում Ռուսաստանի միջնորդությունից հրաժարվելը։
Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնությունը չընդունելը ազդել Բաքվի հետ բանակցությունների ընթացքի վրա, հարցվածների միայն 10.7%-ն է նշել, որ նման որոշման արդյունքները դրական են եղել։
«19.1%-ը նշել է, որ այն ունեցել է «բավականին դրական» ազդեցություն, ևս 24.5%-ը՝ «բավականին բացասական», 36.1%-ը՝ «բացարձակապես բացասական»։ Այսինքն՝ ավելի քան 60%-ը բացասական վերաբերմունք է ունեցել Հայաստանի իշխանությունների այս քայլի նկատմամբ։ Միևնույն ժամանակ՝ ևս 9.6%-ը դժվարացել է պատասխանել», – նշել է Նավասարդյանը։
Հարցումն անցկացվել է ապրիլի 29-ից մայիսի 2-ը՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով, որին մասնակցել է 1100 մարդ։ Սխալի հավանականությունը 3% է։