
Հնդկաստանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանում գտնվող թիրախներին
Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմու և Քաշմիր նահանգներում տեղակայված ինը թիրախների. այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Որոշ ժամանակ առաջ Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը, որը թիրախավորել է Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմու և Քաշմիր նահագներում տեղակայված ահաբեկչական ենթակառուցվածքները, որտեղից ահաբեկչական հարձակումներ են ծրագրվել և իրականացվել Հնդկաստանի դեմ: Ընդհանուր առմամբ թիրախավորվել է 9 թիրախ»,-ասված է Հնդկաստանի զինված ուժերի հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ հնդկական զինվորականների գործողությունները «նպատակային, կշռադատված և լարվածությունը չսրող» էին, և պակիստանյան որևէ ռազմական թիրախ հարձակման չի ենթարկվել։
Պակիստանի ՊՆ էլ նշել է , որ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը, իսկ Հնդկաստանի կողմից հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ 12-ը:
«Պակիստանը հարվածներ է հասցնում Կուպվարա, Բարամուլա, Բանդիպորա, Պունչ, Ռաջուրի, Կարգիլ, Լեհ, Ահնոր բնակավայրերի ուղղությամբ։ Հնդկաստանի հարվածները Պակիստանի տարածքին չեն մնալու առանց պատասխանատվության»,- հայտարարել է Պակիստանի զինված ուժերի Հանրային կապերի վարչության պետը։