23 Մայ
2025
23.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ երեք միլիոն դոլար կաշառք վերցնելու համար

Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ երեք միլիոն դոլար կաշառք վերցնելու համար

ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար. հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 դոլար կաշառք՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար:

«Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ