28 Մայ
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարձր վստահություն բանակին և կրոնին, ցածր՝ պետական կառույցներին․ ո՞ւմ են վստահում հայաստանցիները 2024-ին

Բարձր վստահություն բանակին և կրոնին, ցածր՝ պետական կառույցներին․ ո՞ւմ են վստահում հայաստանցիները 2024-ին

Հայաստանի հասարակության մեջ խորանում է պետական կառույցների հանդեպ անվստահությունը։ Այդ մասին են վկայում «Կովկասյան բարոմետր 2024»-ի վերջին տվյալները։

«Կովկասյան բարոմետր 2024» հետազոտության համաձայն՝ հանրային վստահության բարձր մակարդակով առանձնանում են հիմնականում ոչ քաղաքական կառույցները՝ բանակն ու կրոնը։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հարցմանը մասնակցել է 1,561 քաղաքացի։

Հարցվածների 50 տոկոսը հայտնել է, որ լիովին վստահում է բանակին, իսկ 24 տոկոսը՝ մասամբ։ Սա պետական ինստիտուտների շրջանակում ամենաբարձր ցուցանիշն է։ Երկրորդը՝ հարցվածների դավանած կրոնի հաստատություններն են։ Դրանց լիովին վստահում է 62 տոկոսը, մասամբ՝ 17 տոկոսը։

Նկատելի աճ է արձանագրվել հատկապես կրոնական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակի մասով։ Եթե 2021-ին դրանց լիովին վստահում էր միայն 11 տոկոսը, ապա 2024-ին այդ թիվը հասել է 62 տոկոսի։ Բանակի հանդեպ վստահության ցուցանիշներն այս ընթացքում գրեթե չեն փոփոխվել։

Ի հակադրություն՝ քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը շարունակում է մնալ ցածր։ Հարցվածների 51 տոկոսը բոլորովին չի վստահում քաղաքական կուսակցություններին, 50 տոկոսը՝ Ազգային ժողովին, իսկ 41 տոկոսը՝ դատական համակարգին։ Վարչապետին և նախարարներին լիարժեք վստահություն հայտնել է միայն 12 տոկոսը, իսկ նախագահին՝ 9 տոկոսը։

Բանկերի, կրթության և ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակները խիստ բևեռացված են։ Բանկերին լիովին վստահում է հարցվածների 14 տոկոսը, իսկ բոլորովին չի վստահում՝ 28 տոկոսը։ Կրթական համակարգի և ոստիկանության հանդեպ վերաբերմունքն էլ է հակասական՝ առանց հանրային վստահության հստակ կենտրոնացման։

Միջազգային կառույցների նկատմամբ կարծիքները նույնպես տարաբնույթ են։ ՀԱՊԿ-ին բոլորովին չի վստահում 50 տոկոսը, իսկ ՆԱՏՕ-ին՝ 39 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը համեմատաբար բարձր վստահություն են վայելում՝ ՀԱՊԿ-ի համեմատությամբ։

Հանրային վերահսկողության և տեղեկատվության ինստիտուտները՝ ներառյալ լրատվամիջոցները, մարդու իրավունքների պաշտպանը և հասարակական կազմակերպությունները, նույնպես վայելում են ցածր վստահություն։ Լրատվամիջոցներին լիովին վստահում է հարցվածների ընդամենը 4 տոկոսը։

Վստահության մակարդակների նման բաշխումը վկայում է, որ հասարակության ներսում առկա է ինստիտուցիոնալ վստահության ճգնաժամ, հատկապես՝ պետական կառավարման հիմնարար մարմինների հանդեպ։ Այս միտումները փաստում են հանրային վերաբերմունքի վերափոխման և արժեքային ուղղությունների փոփոխման մասին։

Ռազմագերիներ