
Եթե կնքվի խաղաղության պայմանագիրը, կրակոցներ չեն լինի․ ՔՊ-ական պատգամավորը՝ Սյունիքում Ադրբեջանի կրակոցների մասին
Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և իհարկե, երբ որ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես է։ Եթե տեսնում են, երբեմն էլ գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե, դա անհանգստացնում է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է, պարբերաբար ցավոք, կրկնվում են այդպիսի դեպքերը, դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից է եղել, ուղիղ նշանառությամբ է եղել, թե՞ գուցե պատահական»,- ասել է Խաչատրյանը անդրադառնալով Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի կրակոցներին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում․ «Ցավոք, այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա, և եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ-որ չափով հնարավոր է, որ լսում են մեր գյուղերում և ցանկացած կրակոցի ձայն ինչ-որ չափով անհանգստություն է։ Այնպես չի, խուճապ չկա, ասեմ ձեզ, գյուղում որևէ խուճապ չկա, չի էլ կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովորում են դրան և գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնող է, և օր առաջ, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո պետք է այդ խնդիրներին լուծում տալ։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու են սահմանապահ զորքերը՝ երկուստեք, իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրանցվում»։
Պաշտոնյայի խոսքով՝ այնպես չի, որ հայկական կողմը հնարավորություն չունի համարժեք պատասխան գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության Կառավարության դիրքորոշումն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի, և էսկալացիոն գործողություններ թույլ չտալ։
Խաչատրյանը պնդում է, որ ՀՀ-ից պետք չի սպասել էսկալացիոն գործողությունների, որովհետև զինված ուժերը բավականին ադեկվատ և հավասարակշռված գործողություններ են իրականացնում։