
Դատապարտում ենք Հայ եկեղեցու դեմ ուղղված այս արշավը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես արժեքային և ազգային հիմքերի խաթարման հերթական քայլ, այլև իշխանության վերարտադրության նպատակով բարոյական բոլոր սահմանագծերը հատելու, հանրությանը բարոյազրկելու հերթական փորձ․ Genesis Armenia
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայհոյախառը հայտարարություններն ու գնահատականները՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին, ակնհայտորեն ունեն քաղաքական նպատակներ և նախընտրական բնույթ․ ասվում է Genesis Armenia ուղեղային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
«Այս խոսույթն ու վարքագիծը նպատակաուղղված են Եկեղեցու բարձր հեղինակության նկատմամբ հանրային վստահությունը խաթարելուն, ընտրական գործընթացներին նախորդող շրջանում գաղափարական բևեռացումը «սնելուն» և տարբեր սոցիալական խմբերի գիտակցության վրա ազդեցություն գործադրելուն։
Բացառապես քաղաքական օրակարգով և գահավիժող իշխանությունում վերարտադրվելու մարմաջով առաջնորդվող խմբակը կատարում է ներազգային խարխլված վստահության և համերաշխության կամուրջները մեկընդմիշտ քանդելու պատվեր: Իշխանության տարբեր օղակների՝ Հայ եկեղեցին վարկաբեկելու նույնօրինակ և համաժամանակյա քայլերն ու խոսույթը, որոնք բխում են բացառապես հայ ժողովրդի և ՀՀ նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների շահերից, պլանավորված գործողություններ են և ոչ՝ պահի ազդեցության ներքո անհավասարակշիռ պահվածք։
Դատապարտում ենք Հայ եկեղեցու դեմ ուղղված այս արշավը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես արժեքային և ազգային հիմքերի խաթարման հերթական քայլ, այլև իշխանության վերարտադրության նպատակով բարոյական բոլոր սահմանագծերը հատելու, հանրությանը բարոյազրկելու, անվտանգային լրջագույն մարտահրավերները ստվերելու հերթական փորձ։
Եկեղեցին՝ որպես դարեր շարունակ մեր ազգային ինքնության, դիմադրողականության ու համախմբման առանցք, եղել է և մնում է հայ ժողովրդի հոգևոր ինքնության ամուր հենասյունը։ Դրան հասցված ցանկացած հարված՝ անուղղակի թե ուղիղ, իրականում հարված է մեր պատմական հիշողությանը, արմատներին, արժեքներին ու պետականակերտ մտածողությանը։
Հիշեցնում ենք, որ պետական իշխանությունը, առանց ազգային և հոգևոր արժեքների ամուր հենասյուների, վերածվում է ինստիտուցիոնալ զրոյացված կառույցի՝ կործանարար հետևանքներով։ Իշխանության բարձրագույն ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնողի՝ հանրային խոսույթ նետված ցանկացած վիրավորական կամ պառակտիչ ձևակերպում չի՛ կարող նպաստել ներհասարակական համերաշխությանն ու պետության կայունացմանը: Սա տրամաբանական շարունակությունն է հակաազգային և հակապետական յոթնամյա քաղաքականությանը, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանական խմբակը: Նման խոսույթը զազրելի է, հատկապես երբ այն դրսևորվում է Առաջին Հանրապետության 107-ամյակի տոնակատարությանը հնչած կեղծ հայրենասիրական և հակագիտական հայտարարությունների ֆոնին։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին խիստ գնահատական տալ իշխանության անբարո վարքաբանությանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելուց մինչև Արցախի հայկականության ուրացում, ազգային ինքնության, ինստիտուտների ու սրբությունների արժեզրկում՝ միաժամանակ հորդորելով չկորցնել զգոնությունը և չընկնել իշխանության՝ անվտանգային օրակարգից շեղելու, հանրային դիմադրողականությունը հյուծելու և քաղաքական սեփական շահերը ամեն գնով սպասարկելու նպատակով լարված թակարդը։
Ազգային ինքնության, հոգևոր արժանապատվության և ազգային միասնականության պաշտպանությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտք՝ սերունդների առջև։