
ԵՄ-ն կրակոցների մասին եզրակացություն չէր կարողացել տալ, ասել են՝ տեղում չէին․ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար իրական հնարավորություն կա։
- ՀՀ սուվերեն տարածքի շուրջ 208 քառակուսի կիլոմետրը հիմա Ադրբեջանն է վերահսկում։ Մենք մի քանի անգամ ասել ենք՝ այս տարածքների վերադարձը սահմանազատման գործընթացով ենք պատկերացնում։ Եթե ուզում եք ասել՝ վայ, էդ պրոցեսը կանգնել է, փակուղի մտել, ո՛չ, այդպես չէ։ Այսօր էլ այդ հանձնաժողովի նախագահների միջև բանակցություններ է ընթանում։
- Գերիների մասին բանակցություններն այն եզակի գործընթացներից է, որը կառուցողական չի ընթանում։ Վերջինը COP29-ի ժամանակ գերիների վերադարձի շուրջ քննարկումն էր, որը բարեհաջող չավարտվեց։
- «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը մենք ընկալում ենք ուղիղ սպառնալիք ՀՀ-ի նկատմամբ։ Մենք այդ մասին ադրբեջանական կողմին ասում ենք, սակայն նրանք մեր դիրքորոշումը չեն կիսում։
- Մենք փաստական տվյալներ ենք ուղարկում Ադրբեջան՝ նշելով, որ ՀՀ-ի ուղղությամբ կրակոցները գալիս են ադրբեջանական կողմից։ Նույն կերպ ադրբեջանական կողմն ասում է՝ դուք եք կրակում։ Ասում ենք՝ փաստական ապացույցներ տվեք և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանիզմ։ Ունե՞նք այդ մեխանիզմը վերջնական ձևավորած, ոչ, բայց ըմբռնում կա։
- Կրակոցների արձանագրման հատվածներում կան ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնողներ։ Նրանց արձագանքը, որքանով ես եմ հասցրել հետևել, այն է, որ չեն եղել տեղում։ Անգամ եղել է դեպք, երբ ինչ-որ բան էին ուզում, չի տրամադրվել, ինչի պատճառով էլ չեն կարողացել եզրակացություն անել։ Ամեն դեպքում այդ կրակոցները, անշուշտ, մտահոգիչ են։