
Փաշինյանը պարզապես հակաեկեղեցական հռետորաբանությամբ գործիչ չէ, այլ լեգիտիմության բռնազավթող, ով, կորցնելով հանրության հարգանքն ու վստահությունը, թշնամիներ է փնտրում ազգի ներսում․ Դավիթ Անանյան
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Հայաստանի պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ աշխարհիկ իշխանությունները՝ թագավորներ, իշխաններ կամ կառավարիչներ, փորձել են թուլացնել կամ ենթարկեցնել Հայ Առաքելական Եկեղեցին: Այս փորձերը սովորաբար տեղի են ունեցել ազգային ճգնաժամերի այնպիսի պահերին, երբ օրվա կառավարիչները, կորցնելով իրենց լեգիտիմության հիմքերը, ականատես է եղել ՀԱԵ-ի նկատմամբ ժողովրդի վստահության և հավատի աճին: Հետևաբար, ՀԱԵ-ի պատմության ընթացքում հայտնի ճնշումները պայմանավորված են եղել ոչ թե զուտ կառավարման նկատառումներով, այլ ժողովրդի հոգևոր անկախությունից բխող վախով:
Այսօրվա ճնշումները քաղաքական վախերի հետևանք են։ Նիկոլ Փաշինյանը պարզապես հակաեկեղեցական հռետորաբանությամբ քաղաքական գործիչ չէ։ Նա լեգիտիմության բռնազավթող է՝ ուզուրպատոր, ով, կորցնելով հանրության ու ժողովրդի հարգանքն ու վստահությունը, թշնամիներ է փնտրում ազգի ներսում՝ ժողովրդական վրդովմունքը վերաուղղորդելու հստակ մտադրությամբ։
Փաշինյանը չի կարողանում առաջնորդել հասարակությանը համերաշխության մթնոլորտում, ուստի առաջնորդում է անկարգություններ սերմանելով: Նա չունի ստեղծարար կարողություններ՝ երկրի ինստիտուտներն ամրապնդելու կամ ազգը միավորելու համար, ուստի զբաղվում է դրանց քայքայմամբ։ Նա ազգային առաջնորդի կերպարով հանդես գալու ներուժ չունի և այս բացակայությունը լրացնելու համար թիրախավորում է ազգային խորհրդանիշերը՝ այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին:
Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես հոգևոր հաստատություն չէ։ Այն ազգային ինքնության վերջին ամրոցն է՝ այն ժայռը, որին կարող է հենվել ժողովրդի՝ կողմնորոշումը կորցրած կամ լուսավոր ճամփա գտնելու դժվարության մեջ գտնվող հատվածը։ Հարվածներ հասցնելով ՀԱԵ-ին՝ Փաշինյանը փորձում է վտանգավոր խաղ խաղալով վաբանկ գնալ՝ ոչ միայն ներսում կառավարման համակարգի ձախողումներն արդարացնելու, այլև հանրության մոտ սրբության, պատմական ժառանգության և շարունակականության գաղափարները ջնջելու նպատակով։
ՀԱԵ-ի դեմ այս հարձակումների հիմնական տրամաբանությունը քաղաքացիական հակասություններ և ընդհարումներ հրահրելն է։ Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ սանձազերծված վարկաբեկման արշավները ոչ թե պատահականություն են, այլ դիտավորյալ և համակարգված քայլեր՝ ուղղված ազգային միասնականության մնացորդները քայքայելու, հանրության բևեռացումը խորացնելու և քաոսային իրավիճակ ստեղծելու համար։ Դա մի քաղաքական սցենար է, որի վերջնանպատակը ի վերջո հայտարարելն է. «Ես եմ այն միակը, ով կարող է լուծել այս քաոսը»։
Քաղաքացիական երկպառակության մթնոլորտ ստեղծելը, ըստ էության, այն մարդու վերջին քաղաքական խաղադրույքն է, ով չունի ո՛չ հեղինակություն, ո՛չ աջակցություն, ո՛չ էլ ապագայի հստակ տեսլական»։