
«Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունը կա, գործընթացը կարող են սկսել մեր գործընկերները․ Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցությունը պաշտոնապես ասում է՝ 28 ստորագրությունը պատրաստ է։ Երբ գործընթացը սկսվի, այդ ստորագրությունները կան։ «Պատիվ ունեմը» ցանկացած մեկի հետ բանակցելուց կամ իր հայտարարությունների մեջ կարող է ասել, որ այդ 28 ստորագրությունը կա։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Աշխատանքային պրոցեսը շարունակվում է։ Մենք հետևում ենք զարգացումներին, որովհետև չգիտենք՝ մեր երկրին ինչ մարտահրավերների են սպասվում, եկեղեցու դեմ արշավները ինչ ծավալների կհասնեն, անվտանգային ինչ խնդիրներ կունենանք։ Այդ հաշվարկներով մեր աշխատանքները կազմակերպելու մեջ ենք։ Մենք ամեն օր աշխատում ենք քաղաքացիների հետ։ Մենք պատրաստվում ենք ամեն գնով այս իշխանությանը հեռացնելու»,- ասել է Սաղաթելյանը։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրապարակել էր լուսանկար, «Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների ստորագրություններով» վերտառությամբ։