
Դուք ինձ համար «պարոն անվստահությունն» եք․ Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին
«Դուք ինձ համար հիմա պարոն անվստահությունն եք, Էդգար Ղազարյանն էլ՝ պարոն իմպիչմենտը»,-այսպես է ընդունել ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանին, ով ԱԺ էր եկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ընդդիմադիրներից ստորագրություններ հավաքելու։
Մալյանը հերթով այցելել է ընդդիմադիր պատգամավորներին՝ պարզելու, թե որ պատգամավորը կստորագրի իր կողմից սկսած իմպիչմենտի գործընթացի օգտին։ Մալյանի ու «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի ընդհանուր թեկնածուն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է։
«Իմ ընդդիմադիր գործունեությունը սկսել եմ Ձեր՝ 2018 թվականին Աժ-ում ունեցած ելույթից հետո։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահություն սկսելու գործընթաց ենք սկսել ու եկել եմ, որպեսզի Ձեր մոտից հեռանամ ևս մեկ ստորագրությամբ»,-ասել է Նարեկ Մալյանն ու թուղթը ուղղել դեպի Վարդանյանը։
Ի պատասխան Վարդանյանը թուղթը փակել ու հեռացրել է իր առջևից։
«Օրեր առաջ հանդիպել եմ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորների հետ։ 6 պատգամավորից, ցավոք, 4-ն էին եկել։ Մենք այս հարցն իրենց հետ քննարկել ենք, իրենք բավարարված հեռացել են։ Պարոն Մամիջանյանի հետ քննարկել ենք հարցը, նա իմ տեղը գիտի, կարող է այդ ձևաթուղթը վերցնել ու գալ։ Վերադարձրեք ձևաթուղթը պարոն Մամիջանյանին ու ասեք՝ Վարդանյանը տեղում է, եթե հարցեր են մնացել, կարող է բարձրանալ, քննարկենք։ Իմպիչմենտի հարցը ես Ձեր հետ չեմ քննարկելու։ Համբարձումյան Դավիթին էլ կբարևեք»,-եզրափակել է Վարդանյանը։