
Ես չեմ աջակցում Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա, բայց աջակցել եմ 2008-ին․ Ռուբեն Ռուբինյան
Այո՛, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահի ընտրությունները արդար չեն եղել։ Ես դա իմացել եմ միշտ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե տեսնեք իմ հայտարարությունները մինչև անգամ ընտրությունները, դուք կտեսնեք իմ դիրքորոշումը։ Ես միշտ իմացել եմ դրա մասին ու խոսել։ Ինչ վերաբերում է հորս, եթե վեր հանեք նրա հոդվածները, հարցազրույցները, կտեսնեք, որ նա իր վերաբերմունքը արտահայտել է այդ ընտրությունների վերաբերյալ»,- ասել է Ռուբինյանը։
Նա հիշել է, թե ինչպես են ինքը, իր հայրը՝ Կարապետ Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին աջակցել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նրանք այդ ընթացքում համարել են, որ «ավազապետական, մոնղոլ-թաթարական» ռեժիմից պետք է ազատվել։ Լրագրողը հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՔՊ-ականների մասին գրեթե նույն բովանդակությամբ հայտարարությունները։ «Հենց այդտեղ է, որ ես ընդհանրապես համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և դրա համար է, որ ի տարբեություն 2008 թվականի չեմ աջակցում իրեն»,- ասել է Ռուբինյանը։
Լրագրողները հիշեցրել են նաև Ռուբինյանը մանկությունը՝ ասելով, թե այն անցել է ՀԱԿ նախկին նախագահ Լևոն Զուրաբյանի գրկում, իսկ Ռուբեն Ռուբինյանը հերքել է դա։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 7-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տերն-Պետրոսյանը այցելել ու զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ին։ Դրան հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադրման համար։