
Ալիևը կրկին պահանջ է ներկայացրել Հայաստանին. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
Ադրբեջանում կայացած «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և ազգային մարդու իրավունքների ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց բնիկ հողեր» վերադառնալու իրավունքը. հայտնում է ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը
«Փախստականների իրավունքներին վերաբերող ելույթի ընթացքում Իլհամ Ալիևի կողմից նշվել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանից» հարյուր հազարավոր ադրբեջանցիներ են բռնի տեղահանվել և էթնիկ զտումների ենթարկվել։ Այդ սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել և մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական-հոգևոր ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները և գերեզմանատները, ոչնչացվել են այդ տարածքներում։ Պատմական արդարությունը պահանջում է, որ այս մարդիկ խաղաղ և անվտանգ վերադառնան իրենց հայրենիք, նշել է Ադրբեջանի նախագահը։
Այս հայտարարության հետ կապված հարկ է նշել, որ 2020–2023 թվականների ընթացքում՝ Արցախի հայկական պատմական տարածքները պատերազմական հանցանքներով և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով յուրացնելուց, շուրջ 120,000 արցախահայերի համար ցեղասպանական իրական վտանգի ստեղծմամբ բռնի տեղահանելուց, հայ ժողովրդի պատմական հայրենիքը բնիկ ժողովրդից դատարկելուց և պատմական ներկայության անհերքելի ապացույցները ոչնչացնելուց ու յուրացնելուց հետո՝ Ադրբեջանի նախագահը հանդգնում է խոսել էթնիկ զտումների, տեղահանությունների և հուշարձանների ոչնչացման մասին։
Եվ այս ամենն արվում է հորինված, շինծու, առավելապաշտական «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործմամբ, որը բացառապես ստեղծվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, և չունի պատմության հետ աղերսվելու որևէ հնարավորություն։
Այս ամենի նպատակը Ադրբեջանի տարածքներից դուրս, հայ ժողովրդի բնիկության հաշվին հին ժողովրդի միֆ ստեղծելն է, իրեն որպես հնագույն երկիր ներկայացնելը։
Բայց հարկ է ընդգծել, որ պատմական գրավոր աղբյուրների և քարտեզների վկայությամբ, Արաքս գետի հյուսիսում և Կովկասյան լեռնաշղթայի հարավում մինչև 1918 թվականը «Ադրբեջան» անվամբ որևէ պետություն գոյություն չի ունեցել։
Էթնիկ զտումներից է խոսում մի պետություն, որի իրականացրած ցեղասպանական գործողություններն ու դրա հետևանքները աշխարհի ժողովրդավարական ամենամեծ կառույցների կողմից որակվել են որպես հայ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումներ՝ և ոչ նոր իրողություն։
Ի մասնավորի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» N 2517 բանաձևում Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը էթնիկ զտումներ է համարել։ Վեհաժողովն իր 11-րդ հոդվածով հստակ արձանագրել է, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ լքել է իր պապենական հայրենիքը և փախել Հայաստան ֆիզիկական ոչնչացման վտանգի, Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության և ադրբեջանական իշխանություններին վստահության բացակայության պատճառով։
Հուշարձանների ոչնչացումից է խոսվում մի պետության կողմից, որը թե՛ Նախիջևանում է ոչնչացրել Ջուղայի հազարավոր խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցիներ, և թե Լեռնային Ղարաբաղում է ոչնչացնում հայկական եկեղեցիներ, հուշարձաններ, պատմական գերեզմանոցներ ու եզակի արձանագրություններ՝ պետական բարձր հովանավորչությամբ իրականացվող հստակ ոչնչացման ռազմավարությամբ, որն ունի իր հստակ մեխանիզմները և ուղղությունները։
Պատերազմից ի վեր հիմնահատակ ավերվել են եկեղեցիներ (այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին), ավերվել Լաչինի, Սղնախի, Շուշիի, Հադրութի պատմական գերեզմանոցները, ոչնչացվել են Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրները և այլ արժեքներ։
Ժողովուրդների իրավունքներից է խոսում մի պետություն, որն անգամ հայ ժողովրդին իր բնիկ երկրից բռնի տեղահանելուց հետո պղծում է քրիստոնեական արժեքները, քրիստոնեական հազարամյա պատմությամբ եկեղեցիները ադրբեջանականացնում ու աղվանացնում է՝ խախտելով հայ ժողովրդի կրոնական իրավունքները։
Պատմական արդարությունից է խոսում մի պետություն, որի կողմից իրականացված գործողությունները, պատերազմական հանցանքներն ու հայ ժողովրդի ինքնության խեղաթյուրման գործընթացները ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի» հիմքով 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման որոշման համաձայն ռասսայական խտրականություն են որակվել՝ հայատյացության հռետորաբանության ամենաբարձր դրսևորմամբ։
Պատմական արդարությունից է խոսում մի պետություն, որտեղ թալանվում են հայ ժողովրդի սեփականությունը, տները, ամբողջական գյուղերն ու քաղաքները, խոշտանգվում են բռնի կերպով պահվող քաղաքացիական անձինք ու զինվորականներ։
Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունն ուղղված է հայ ժողովրդի պատմական իրավունքների ժխտմանը՝ նրա բնիկ հայրենիքի նկատմամբ, ինչպես նաև պատմական փաստերի կեղծմանը։
Այն պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին։ Դիտարկված գործողությունները, իրենց խորքային էությամբ, ձևավորում են ցեղասպանական, ռասայական խտրականության և մշակութային անհանդուրժողականության քաղաքականություն՝ հակասելով ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից կեղծ թեզերի ու հորինված եզրույթների կիրառման շահարկումը հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործությունները սքողելու պատրվակով։ Մի ողջ ժողովրդի սեփական հայրենիքից բռնի տեղահանելը անպատիժ չի կարող մնալ։
Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին, ՄԱԿ-ին, Եվրոպայի Միությանը և այլ կառույցների դատապարտել Ադրբեջանի հայատյաց հռետորաբանությունը որպես անհանդուրժողականության ամենաբարձր դրսևորում, խտրականության ու ատելության վրա հիմնված քաղաքականության շարունակում։
Կոչ ենք անում ձեռնարկել հստակ քայլեր, որ այդ խտրական ու բռնության հրահրող հռետորաբանությունը արժանանա միջազգային պատշաճ արձագանքի, դատապարտվի՝ վերականգնելով բռնի տեղահանված հայ ժողովրդի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ», – գրված է միության հայտարարության մեջ: