
Դրանք ՀՀ-ի հետ ազգակցական որևէ կապ չունեն` նույնիսկ հեռավոր․ Աղվան Վարդանյան
Հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել է իր բնօրրանում, որտեղից բռնի գաղթը, զտումը, այս բանը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) համարում է հաջողության պատմությունը։ Հաջողության պատմությունը իրենց համար այսօրվա կյանքն է, ոստիկանական հազարավոր ուժերով շրջապատված լինելը, 20-25 ավտոմեքենայով շրջելը, Սևանում խրախճանքներ կազմակերպելն ու փորձել սա ներկայացնել իբրև Հայաստանի Հանրապետություն. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Իրենք ՀՀ-ի հետ որևէ ազգակցական, նույնիսկ հեռավոր կապ չունեն»,- ասել է Վարդանյանը։
Լրագրողի հարցին՝ իշխանափոխություն կատարելու համար գործողություններին անցնելու հայտարարությունը ի՞նչ է իրենից ենթադրում, ի՞նչ է լինելու, Վարդանյանն ասել է․ «Սամվել Կարապետյանին կալանավորել են, տեղափոխել Արմավիր։ Նրան Արմավիր տեղափոխելու նպատակն այն է, որ միտինգներ, ցույցեր չկազմակերպեն։ Չնայած անընդհատ ասում են՝ մենք ժողովրդավար երկիր ենք, կարող ենք կարծիք արտահայտել, հանրահավաքներ կազմակերպել։
Փաստաբանական խումբը աշխատում է, խիստ սահմանափակումներ են գործում, անգամ պատգամավորներին են արգելում հանդիպել։ Այս ֆոնին գործողությունների վերաբերյալ հարցերը կլինեն քննարկումների մեջ։ Շատ բան կախված է նաև պարոն Կարապետյանի հետագա մոտեցումներից»,- ասել է պատգամավորը։ Խոսելով Սամվել Կարապետյանի օրեր առաջ կատարած հայտարարությանը՝ Վարդանյանը նշել է, որ այն եկեղեցուն աջակցելու մասին էր։ Վարդանյանի խոսքով՝ միայն հիվանդ մարդը կարող էր դրա տակ իշխանություն զավթելու կոչ տեսնել։
Անդրադառնալով «Արթուն ենք» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Մալյանի բերած՝ իմպիչմենտի փաստաթղթի տակ չստորագրելուն՝ պատգամավորը նշել է․ «Իմ և մեր խմբակցության որոշումը հրապարակայնորեն արտահայտել ենք, դուք գիտեք այն։ Այդ թեման փակել եմ նաև այդ տղայի(Նարեկ Մալյանի-խմբ․) հետ հանդիպման ընթացքում։ Իմաստուն խոսք կա․ «հանգուցյալի մասին կամ լավը, կամ ոչինչ», նույնը կարելի է ասել նաև մահամերձի մասին։ Ինձ համար այդ թեման ավարտված է։ Եթե կլինեն գործընթացներ՝ իրական, ստորագրությունները դրված են»,- եզրափակել է Վարդանյանը։